Շաքարը թմրանյութ է. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Սենթ Լյուկի Սրտի ինստիտուտի և Lahey Health ոչ առևտրային կազմակերպության գիտնականները հայտարարել են, որ շաքարը կախվածության մեջ է գցում և կոկաինի նման թմրանյութ է։
Գիտնականներն իրենց եզրակացությունները հրապարակել են British Journal of Sports Medicine ամսագրում` միաժամանակ բախվելով այլ մասնագետների քննադատությունների հետ, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով The Guardian–ին։
Գիտնականները հայտնում են, որ բուսաշաքարի ածխաջրի օգտագործումից ստացված արդյունքը նման է կոկաինի ազդեցության։ Այն փոխում է տրամադրությունը, առաջացնում է հաճույքի զգացում և ստիպում մարդուն փնտրել քաղցրավենիք։ Գիտնականներն իրենց եզրակացության մեջ ներկայացնում են կրծողների վարքի ուսումնասիրության արդյունքները, որոնք թմրանյութի և շաքարի դեպքում հաճախ ընտրում էին հենց շաքարը։ Նրանց կարծիքով, այս ածխաջուրը հանգեցնում է ավելի մեծ կախվածության, քան ալկալոիդները։
Այլ գիտնականների խոսքերով, սակայն, շաքարն իսկապես հանգեցնում է առողջական խնդիրների, սակայն կախվածության մեջ չի գցում։ Այսպես, Քեմբրիջի համալսարանի հոգեբան Հիշամ Զյաուդդինը (Hisham Ziauddeen) նշում է, որ հոդվածի հեղինակները սխալ են մեկնաբանել մկների հետ անցկացված գիտափորձի արդյունքները, իսկ նրա սեփական աշխատության մեջ նշվում է, որ շաքարը թմրանյութ չէ։
Զյաուդդինն ընդգծում է, որ կրծողների մոտ կախվածությունն առաջանում է միայն այն դեպքում, եթե կենդանիները կարողանում են շաքար ստանալ օրական միայն երկու ժամ։ Սակայն եթե շաքարը միշտ հասանելի է, կախվածության նշաններ չեն նկատվում։
Որոշ գիտնականներ էլ մասամբ աջակցում են Սենթ Լյուկի Սրտի ինստիտուտի գիտնականներին։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Ռոբերտ Լյուսթիգը (Robert Lustig) նշում է, որ շաքարն իսկապես թմրանյութ է, սակայն նրա ազդեցությունն, ի տարբերություն կոկաինի, թույլ է, և այն հնարավոր է համեմատել նիկոտինի ազդեցության հետ։–0–