Ներկայացնում ենք Զատկին նվիրված հայկական ավանդական ճաշատեսակների գաղտնիքները

15.04.2017, 12:35
Սուրբ Հարության տոնին ընդառաջ ներկայացնում ենք հայկական սեղանները զարդարող ճաշատեսակներն ու դրանց պատրաստման գաղտնիքները։

Ներկայացնում ենք Զատկին նվիրված հայկական ավանդական ճաշատեսակների գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական խոհանոցը և հատկապես տոնական ճաշատեսակները ոչ միայն համապատասխանում են խոհարարական ավանդույթներին, այլև ունեն ինքնատիպ պատմական իմաստ` բացահայտելով տոնի էությունը։

Սուրբ Հարության տոնին ընդառաջ հայտնի խոհարար, հեռուստահաղորդավարուհի Սոնիա Տաշչյանը խոսել է այն մասին, թե որ ճաշատեսակներն են ավանդաբար զարդարում հայկական սեղանները, ինչպես նաև ներկայացրել է դրանց պատմությունը։

Չամչով և բրնձով փլավ

 - рис.1

Չամչով և բրնձով փլավը տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներից է։ Տաշչյանի խոսքով, հին ժամանակներում բրինձը բավականին հազվագյուտ էր տարածաշրջանում, այն հիմնականում ներկրվում էր Չինաստանից, այդ պատճառով բրնձից պատրաստվող ճաշատեսակները համարվում էին դելիկատես։

Չամչով և բրնձով փլավը մատուցում են լավաշով պատված կլոր ափսեի մեջ, ինչը խորհրդանշում է տիեզերքը։ Իսկ չամիչը, Տաշչյանի խոսքով, ոչ միայն քաղցր համ է հաղորդում, այն ունի նաև ավելի խորը իմաստ, հեթանոսական ժամանակներում չամիչը խորհրդանշում էր գարնանամուտը։

Տաշչյանը նաև ավելացրեց, որ չամչով և բրնձով փլավը հարկավոր է պատրաստել նախօրոք, քանի որ այն երկար է պատրաստվում։ Նա նաև կարևորեց այն փաստը, որ Հայաստանի յուրաքանչյուր պատմական շրջան ունի այս փլավի պատրաստման սեփական և բացառիկ բաղադրատոմսը։

Ձուկ, թխվածք և գինի

 - рис.2

Զատկի տոնին ձկից պատրաստված կերակրատեսակների մատուցման արմատները տանում են դեպի քրիստոնեության ընդունման ժամանակաշրջան։ Հին ժամականերից ընդունված է ձուկը մատուցել կարմիր գինով և կաթնահունձով։

 - рис.3

«Կաթնահունձը թխվածքի տեսակ է, որը լինում է կլոր` հյուսի տեսքով, ինչը խորհրդանշում է Անահիտ աստվածուհու հյուսը», – նշեց Տաշչյանը։

Ներկած հավկիթ և ածիկ 

Հավկիթն ունի երկակի իմաստ` նոր կյանքի ծնունդ, ինչպես նաև կապ` բնության և տիեզերքի հետ։

Հավկիթը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ «Կարմիր գույնը հայ ժողովրդի լեզվաբանական գիտակցության մեջ նաև նշանակում է ուրախություն և գարնանամուտ», – ընդգծեց Տաշչյանը։

 - рис.4

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ գարնանամուտը խորհրդանշում է նաև ներկած հավկիթը մատուցել ածիկով ափսեի մեջ։ Հին ժամանակներում տոնից հետո ընդունված էր այդ ածիկը տնկել դաշտերում։

Կանաչեղենից պատրաստված ճաշատեսակներ և սխտորով մածուն

Կանաչեղենից պատրաստված ճաշատեսակները Զատկի ավանդական սեղանի անբաժանելի մասն են։

 - рис.5

Դրանց պատրաստման բաղադրատոմսերը բազմաթիվ են, շատերը կանաչեղենը տապակում են սոխով և համեմունքներով։ Արևմտյան Հայաստանում ընդունված էր կանաչեղենից պատրաստված ճաշատեսակների հետ մատուցել սխտորով մածուն։–0–