Մահացել է «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը

13.03.2019, 15:17
Կյանքից հեռացել է երաժիշտ, երգահան, կինոռեժիսոր, սպորտսմեն և ծովագնաց Արեգ Նազարյանը:
Մահացել է «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կյանքից հեռացել է երաժիշտ, երգահան, կինոռեժիսոր, սպորտսմեն և ծովագնաց Արեգ Նազարյանը:

Նրա մահվան մասին հայտնել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` կիսվելով Facebook-ի օգտատեր Մուշո Գարուկյանի գրառմամբ:

Նազարյանը մահացել է չորեքշաբթի վաղ առավոտյան երկարատև հիվանդությունից հետո:

Արեգ Նազարյանը ծնվել է 1964 թ.-ին: 1982 թ.-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1983 թ.-ին դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986 թվականին ստեղծել է Երևանում մեծ ճանաչում ստացած «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի երգերի հիմնական մասի հեղինակն է:

1985 թ.-ից Երևանի «Հայաս» ծովային հետազոտությունների ակումբի մշտական անդամ էր: 2004-2005 թ.-ին որպես կապիտանի օգնական մասնակցել է «Կիլիկիա» լեգենդար առագաստանի ծովագնացությանը:

2009-2011 թ.-ին զբաղեցրել է «National Geographic TRAVELER» հայկական տարբերակի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Նազարյանը եղել է արցախյան ազատամարտի մասնակից: Պարգևատրվել է «Քաջության», «Մարշալ Բաղրամյան», «Ադմիրալ Իսակով», «Երկրապահ», «Ղարաբաղ` մայրական երախտագիտություն», ինչպես նաև ՀՀ վարչապետի հուշամեդալներով:-0-