Հայ քաղաքագետը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զոհված զինծառայողի ընտանիքին

07.04.2016, 14:02
Քաղաքագետ, Forbes և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի թղթակից, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զոհված զինծառայողի ընտանիքին:
Հայ քաղաքագետը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զոհված զինծառայողի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքագետ, Forbes և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի թղթակից, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զոհված զինծառայողի ընտանիքին:

Այս մասին նա հայտնել է  Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Հիմա հարկավոր է օգնել զոհվածների ընտանիքներին: Կարևոր չէ` ինչպես է օգնում պետությունը և տարբեր կազմակերպությունները: Անձամբ ես ֆինանսական օգնություն ցույց կտամ մի ընտանիքի, որի հայրը մահացավ` կատարելով իր պարտքը», - ավելացրել է Գալստյանը:

Նա նշել է, որ յուրաքանչյուրն օգնում է իր հնարավորությունների սահմաններում:

«10 ամսվա ընթացքում ես կփոխանցեմ աշխատավարձիս 30 տոկոսը և հոնորարները, որոնք կստանամ ամսագրերում իմ հոդվածների հրատարակումից: Սա ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել», - ընդգծել է Գալստյանը:

Ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Գալստյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ:

 «Վաղուց էր դա պետք անել: Այժմ մեր խնդիրն է այնպես անել, որ ԼՂՀ–ն նստի բանակցությունների սեղանի շուրջ: Պետք չէ մեղավորներ փնտրել այն հարցում, որ ժամանակին Ղարաբաղը հեռացել է բանակցություններից։ Այսօր հարկավոր է անպայման նրան հետ վերադարձնել», - ասել է նա։

Գալստյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ այս հակամարտության շուրջ լսելի լինի առաջին հերթին Ղարաբաղի ձայնը, այլ ոչ թե Երևանի:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–