Առաջին օրվանից ծնողներին բացատրել ենք, որ շանսերը շատ քիչ են. բժիշկները` հնգյակի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները վստահեցնում են, որ մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակի ծնվելուց թե´ առաջ և թե´ հետո ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր այն քայլերը, ինչ նման դեպքերի համար աշխարհում ընդունված է:
Նրանք նաև պնդում են, որ արդեն երկու նորածիններին կորցրած հնգյակի ծնողները ի սկզբանե տեղեկացված են եղել հնարավոր բարդությունների մասին, գրում է armtimes–ը։
«Մենք ոչ միայն հնգյակների, եռյակների դեպքում էլ ենք բացատրում, որ դա մեծ թիվ է և աշխատում ենք պակասեցնել քանակը, որ մնացած երեխաների ապրելիությունը բարձրացնենք: Հնգյակի ծնողների հետ մենք հանդիպել ենք, երբ հղիությունը 8 շաբաթ 5-6 օրական էր: Դա դեկտեմբերն էր: Բացատրեցինք, որ հնգյակի փորձը շատ քիչ է և ճիշտ կլինի, որ երկուսը ռեդուկցիա արվի, որպեսզի մնացած երեքը ապրեն: Իրենք, կարծես թե, հասկացան: Անպայման բացատրում ենք նաև ռեդուկցիայի ռիսկերը: Իրենք մի քանի օր մտածելուց հետո կտրականապես հրաժարվեցին: Մենք ուրիշ անելիք չունեինք, մեզ մնում էր, որ հսկեինք, ինչպես ամբողջ աշխարհը հսկում է բազմապտուղ այդ հղիությունները: Եվ բոլոր պրոտոկոլներով հսկել ենք, հասցրել մինչև 28 շաբաթական»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը:
Նա նշել է, որ հնգյակի ծնվելու ժամանակ հրավիրվել են հանրապետության գլխավոր մասնագետները, եղել են իրենց կողքին, աջակցել:
Իսկ նորածինների ծնողներին զգուշացվե՞լ է, որ փոքրիկների վիճակը ծայրահեղ ծանր է ու կյանքին վտանգ է սպառնում: Այս հարցին բժիշկ Աբովյանն այսպես է պատասխանել. «Իրենց բացատրել ենք առաջին օրվանից, որ շանսերը շատ քիչ են»:
«Էրեբունու» ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը նույնպես հավաստիացրել է, որ երեխաների ծնողները ժամանակին տեղեկացված են եղել հնարավոր բարդությունների վերաբերյալ, հետևաբար երկու նորածինների մահը նրանց համար չէր կարող անակնկալ լինել:
«Ծնողները գիտեին, որ հնգյակ է ծնվելու, գիտեին, որ հնգյակները համարվում են էքստրեմալ անհաս, իսկ էքստրեմալ անհաս նշանակում է, որ եթե մենք ունենք 28 շաբաթական հնգյակ, նրանց աճը համապատասխանում է մոտավորապես 25-26 շաբաթական պտղի աճին: Այսինքն` եթե 28 շաբաթական մեկ պտուղ է լինում, և ունենում է 1100-1200 գ քաշ, այդ երեխայի մոտ ապրելու հավանականությունը ավելի բարձր է լինում: Բայց հնգյակների դեպքում գոյություն ունի սելեկտիվ աճի դանդաղում հասկացությունը: Այսինքն` իրենք բոլորը կարող են անհաս լինել, հինգ երեխան` 28 շաբաթականում, մոտավորապես համապատասխանում է 25-26 շաբաթականի: Իսկ դա խորը անհաս է համարվում: Ես չգիտեմ` ինչու են ծնողներն ասում, որ անտեղյակ են եղել, որովհետև մենք ժամանակին զգուշացրել ենք»,- նշել է Անդրանիկ Պողոսյանը:
«Ի սկզբանե բժիշկների կոնսիլիում է հրավիրվել: Հավաքվել են, բացատրել ենք, բայց ծնողները հրաժարվել ռեդուկցիայից: Իրենք բացարձակ այդ մասին լսել անգամ չէին ուզում: Իրենք գտնում էին, որ պետք է երեխաները ծնվեն ու պետք է ապրեն: Բայց այդպես չի լինում: Գոյություն ունի նման երեխաների ապրելու հավանականություն»,- շարունակել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրենը:
Նրա փոխանցմամբ, հնգյակների վերաբերյալ համաշխարհային վիճակագրություն չկա, իսկ Անգլիայի նեոնատոլոգների միավորման հրապարակած տվյալների համաձայն, խորը անհաս երեխաների ապրելու հավանականությունը 40 տոկոսի էլ չի հասնում: «Ավելին ասեմ, եթե անգամ այդ երեխաները ապրում են, հետագայում մեծ խնդիրներ են ունենում»,- մանրամասնել է Անդրանիկ Պողոսյանը:
Հնգյակի հայր դարձած և նախորդ երկու օրերի ընթացքում երկու երեխաներին կորցրած Վարդան Կարապետյանը չի ցանկացել որևէ բան ասել։
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե բուժհաստատությունը նախապես պատրաստված չի եղել բացառիկ այդ ծննդին: Նաև ասել էր, թե իրեն չի տեղեկացվել, որ երեխաների վիճակը ծանր է, իսկ երկու երեխաների մահվան լուրն էլ կայքերից է իմացել:
Ինչ վերաբերում է մյուս երեք նորածինների վիճակին, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող աղջկա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Կայուն ծանր է գնահատվում նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջնակի վիճակը։ Ցավոք, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։–0–