Քիմ Քարդաշյանի ֆենոմենը. ինչպե՞ս «ոչնչից» աստղ դառնալ

21.10.2015, 20:18
Քիմ Քարդաշյանն իրականացրել է միլիոնավոր մարդկանց երազանքը. նա օդից փող է վաստակում։ Թե ո՞րն է նրա ֆենոմենի գաղտնիքը, պատմում է Леди Mail.Ru-ն:
Քիմ Քարդաշյանի ֆենոմենը. ինչպե՞ս «ոչնչից» աստղ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Քիմ Քարդաշյանն իրականացրել է միլիոնավոր մարդկանց երազանքը. նա օդից փող է վաստակում։ Թե ո՞րն է նրա ֆենոմենի գաղտնիքը, պատմում է Леди Mail.Ru-ն:

Ո՞վ է Քիմ Քարդաշյանը: Այդ  ի՞նչ է նա արել, որ ամբողջ աշխարհը նրա մասին է խոսում: Նա չունի ո՛չ հիշվող կինոդերեր, ո՛չ պլատինե ալբոմներ: Սակայն հեղինակավոր ամսագրերի շապիկներին Քարդաշյանը հայտնվում է ավելի հաճախ, քան Անջելինա Ջոլին: Եվ այսպես, ո՞վ է նա` Քիմը: Եվ ի՞նչ է պետք անել հասնելու համար այն ամենին, ինչ ձեռք է բերել Քարդաշյաններից գլխավորը։

Քիմ Քարդաշյանն այսօր նշում է 35-ամյակը: Նրա  ծննդյան օրվա առթիվ մենք կազմել ենք նրա հաջողակ կարիերայի տասը կետերը: Եվ այսպես, նախևառաջ, պետք է…

1. Ծնվել ճիշտ ընտանիքում

Քիմ Քարդաշյանը երբեք չի իմացել, թե ինչ է աղքատությունը: Նա ծնվել է Լոս Անջելեսում,  չափազանց հաջողակ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի ընտանիքում: Նրա մայրը` Քրիսը, չի աշխատել և ազատ ժամանակը նվիրել է ինքն իրեն, երբեմն էլ` երեխաներին: Ընտանիքում չորս ժառանգ է  մեծացել` Քիմը, նրա քույրերը` Քլոյեն և Քորթնին և եղբայրը` Ռոբը:

Քիմը մեծացել է Բևերլի Հիլզում, հաջողակ երաժիշտների, դերասանների և գործարարների շրջապատում: Լավ դպրոց է հաճախել, չի իմացել «ոչ» բառը, իսկ ծննդյան օրերը նշել է Մայքլ Ջեքսոնի ռանչոյում:

 - рис.1

Երբ Քիմն ինը տարեկան է դարձել, նրա ծնողներն ամուսնալուծվել են: Շուտով հայրը կրկին ամուսնացել է, մայրը` Քրիսը, նույնպես միայնակ չի մնացել, նա ամուսնացել է օլիմպիական չեմպիոն, թեթև ատլետ Բրյուս Ջենների հետ: Որոշ ժամանակ անց նա ևս երկու աղջիկ է ունեցել` Քայլին և Քենդալը:

Այդ ամենից հետո Քիմի կյանքում քիչ բան է փոխվել: Նա շարունակել է ապրել շքեղ կյանքով` չիմանալով, թե ինչ է աղքատությունը։ Այս ամենը շատ հարցերում կանխորոշել է նրա ճակատագիրը:

2. Պատրաստ լինել շոուի վերածել սեփական կյանքը

2007 թվականին մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն, որը մինչ օրս դիտում են ողջ աշխարհում (իսկ Ամերիկայում, թերևս, միայն ծույլը չի դիտել դրվագներից գոնե մեկը):

Քիմը փոքր տարիքից շատ է սիրել ռեալիթի-շոուներ: Դեռ փոքրիկ աղջնակ էր, երբ իր ընկերուհիներին ասում էր, որ մի օր իր կյանքն էլ կցուցադրեն հեռուստացույցով: Եվ նա հասավ իր նպատակին։

Քիմի երազանքն իրականություն դարձավ 2007 թվականին, երբ Քրիսը, նրա ամուսին Բրյուսը և վեց երեխաները դարձան «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի հերոսները: Էքսցենտրիկ հարուստ ընտանիքն աջ ու ձախ փող էր ծախսում, բամբասանքներ քննարկում, շքեղ երեկույթներ կազմակերպում և պարզապես ապրում տեսախցիկների առջև: Դե կարելի է ասել` ի՞նչ կա որ: Բայց ամերիկացիներն արդեն տասը եթերաշրջան հետևում են այս ընտանիքի կյանքին: Չնայած քննադատների բացասական արձագանքներին և գնահատականներին, շոուն բարգավաճում է, նույնիսկ մի սերիայի տևողությունը 20 րոպեից ավելացել է մինչև 40 րոպե:

Ի դեպ, «Քարդաշյանների ընտանիքի» մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր ոչ մի անգամ չեն դիտել այն:

3. Ամուսնանալ` հանուն PR-ի

Քիմի ամուսնությունը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տևեց ընդամենը 72 օր:

Ճիշտ PR-ը գործի կեսն է: Մոռացե՛ք պատվի, սիրո և առաքինության մասին: Ըստ Քիմի «բանաձևի»` կյանքը պետք է չափվի բացառապես PR-քայլերով, որոնք երկրպագուներ և, հետևաբար, փող են բերում: Սրբության նկատմամբ ոտնձգությու՞ն:  Դա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ամենաեկամտաբեր գործն է:

2011 թվականին Քիմն ամուսնացավ` ուղղակի ցուցադրելու համար: Ավելի ճիշտ, այն ժամանակ նա, իհարկե, համոզում էր բոլորին, թե իրեն և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսին կապում են բարի ու հավերժ երևույթները, բայց դրան դժվար է հավատալ: Հարսանիքի ամեն մանրուք ծրագրված էր այնպես, կարծես, այն գրել էին Հոլիվուդի լավագույն սցենարիստները: «Քարդաշյանների ընտանիքը» շոուի այն դրվագները, որտեղ ցուցադրվում էին հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն ու հանդիսությունը, գլխապտույտ վարկանիշ գրանցեցին։

Քիմը հերքում էր հանուն PR–ի սիրավեպ սկսելու մասին ակնարկները և նույնիսկ վիրավորվում դրանցից, իսկ Քրիսը մի անգամ խոստովանեց, որ, օրինակ, ամուսնության առաջարկի ռոմանտիկ տեսարանի հեղինակը հենց ինքը` Քիմն էր: Նրանք ամուսնացան: Հեռուստադիտողները հիացած էին: Ճիշտ է,  72 օր անց զույգն ամուսնալուծվեց:

4. Կրկին ամուսնանալ, բայց այս անգամ արդեն ԱՄՆ ապագա նախագահի հետ

Նախորդ տարի Քիմ Քարդաշյանը կրկին ամուսնացավ, այս անգամ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Եվ ոչ հանուն PR-ի:

Քիմ Քարդաշյանը երկար էր փնտրում և վերջապես գտավ իրեն հարմար ամուսին: Ռեփեր Քանյե Ուեսթի հետ նա ամուսնացավ 2014 թվականին: Մինչ այդ նրանք երկար ժամանակ ընկերություն էին անում, դավաճանում իրար հետ իրենց նախկին ընտրյալներին, իսկ հետո երկու տարի հանդիպեցին և ծնվեց նրանց դուստրը` Նորթ Ուեսթը։

Հարսանիքը կազմակերպվեց Ֆրանսիայի ամրոցներից մեկում, իսկ հանդիսությունը հեռարձակվում էր կապի` հնարավոր բոլոր միջոցներով։

 - рис.2

Քիմի պես, Քանյեն էլ է սիրում ուշադրության կենտրոնում լինել: Նա, օրինակ, ինքնիրեն հռչակել է բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն ռոք աստղ, իսկ այս տարի VMA MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում: Երաժշտի ամեն նոր քայլից հետո նրա վարկանիշն աճում է` հասնելով աներևակայելի բարձունքների: Զույգի հարաբերությունները տևում են ընդամենը երեք տարի, իսկ մենք արդեն չենք պատկերացնում Քիմին առանց Քանյեի: Ինչպես ասում են. «Այր ու կին` մի մարմին»։

5. Հղիությունը վերածել շոուի

Նույնիսկ հղիության ժամանակ Քիմը չի դավաճանում իրեն և կրում է բաց հագուստ։

2013 թվականին Քիմը լույս աշխարհ բերեց առաջնեկին, աղջկան անվանակոչեցին Նորթ Ուեսթ: Այժմ նա հղի է երկրորդ անգամ, սպասվում է, որ Քիմն ու Քանյեն որդի են ունենալու: Քիմը բավականին գիրացել է  երկրորդ հղիության ժամանակ, բայց դա նրան չի խանգարում կիպ զգեստներ կրել: Նա ի ցույց է դնում իր բավականին մեծ փորը և մյուս բարեմասնությունները: «Նայեք բոլորդ, ես հղի եմ»,- անբարբառ գոռում է նա` ամեն անգամ կրելով բաց դեկոլտեով զգեստներ:

Ի դեպ, վերջերս Քիմը խոստովանել էր, որ հղիությունն իր կյանքի վատագույն փորձն է: «Ես առհասարակ չեմ վայելում այս վիճակը և չեմ հասկանում այն կանանց, ում հղիությունը հաճույք է պատճառում: Մեծացող փոր, մեջքի ցավեր, մարմնի այտուցվածություն: Զգեստներիցս ոչ մեկը գեղեցիկ չէ մարմնիս վրա, կարծես ուրիշի մաշկի մեջ լինեմ: Սեքսուալ չեմ զգում ինձ: Հղիության ժամանակ կորցնում եմ ինքնավստահությունս, և ինձ թվում է, որ ես պարզապես հսկա եմ»,- ասել է նա:

6. Հազարավոր սելֆի լուսանկարել և հրապարակել դրանք գրքում

Պատկերացնու՞մ եք մեկին, ով կգնի մի գիրք, որում միայն սելֆիներ են: Խելագա՞ր է: Ամենայն հավանականությամբ,  նման մարդիկ մեզանում քիչ չեն: Քիմի «ինքնիկների» գիրքը, որը վերջերս է լույս տեսել, դարձել է գրեթե բեսթսելլեր, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրա աստղային կարգավիճակը: Ավելին` Քիմի Instagram-ի էջը գրեթե ամենաճանաչվածն է ամբողջ համակարգում:

 - рис.3

Իսկ Քիմն արտասովոր կամ չափազանց գեղեցիկ նկարներ չի հրապարակում` սելֆի տանը, սելֆի երեկոյի ընթացքում, սելֆի կոսմետիկ միջոցով, սելֆի ընկերների հետ կամ բարեկամների շրջապատում, սելֆի ամուսնու հետ... ահա Քիմի ամբողջ ֆոտոբլոգը: Իսկ այդ ընթացքում նրա կյանքին հետևում է մոտ 50 հազար բաժանորդ, և այդ թիվն օրեցօր աճում է:

7. Փող «սարքել» նույնիսկ անհաջողություններից

Քիմը կարողանում է փող «սարքել» ամեն ինչից, նույնիսկ սեփական անհաջողություններից: Իր կյանքի ընթացքում Քիմը բազմաթիվ անհաջողություններ է ունեցել: Երբ դեբյուտային երգ ձայնագրեց, նրան անվանեցին ռեալիթի-TV-ի  ամենավատ երգչուհին: Քիմը նկարահանվեց մի քանի ֆիլմերում և սերիալներում, ու կրկին անհաջող: Երեկույթների ժամանակ նրա անհեթեթ զգեստները քննարկվում են շաբաթներ շարունակ:Թվում է, թե այս ամենը բավական է մինչև կյանքի վերջ տանը փակվելու և լացելու համար։ Բայց Քիմը չի կենտրոնանում անհաջողությունների վրա` կարծես, դրանք գոյություն չունեն: Կարևորը առաջ գնալն է և փող «սարքել» նույնիսկ անհաջողություններից։

2006 թվականին Քիմը դարձավ աղմկոտ սեքս-սկանդալի մասնակից: Ինտիմ բնույթի նրա home–տեսանյութը հայտնվեց մի ընկերության ձեռքում, ինչից հետո այն սկսեց ակտիվորեն տարածվել համացանցում: Սկզբում Քիմը որոշեց դատի տալ ընկերությանը, իսկ հետո մտափոխվեց: Դրա փոխարեն նա գործարք կնքեց, յուրաքանչյուր բեռնված օրինակի  համար նա պետք է արժեքից տոկոսներ ստանա: Պայմանագիրը Քիմին միանվագ 300 հազար դոլար բերեց: Հաշվարկվել է, որ անցած տարիների ընթացքում Քարդաշյանը տեսահոլովակի շնորհիվ վաստակել է 4.5 միլիոն դոլար: Եվ շարունակում է վաստակել: 

8. «Երես տալ» երկրպագուներին տարօրինակ հայտարարություններով

Քարդաշյանը կարողանում է զարմացնել երկրպագուներին...

Երբ Քիմի արտասովոր զգեստները վերջանում են, իսկ պապարացիների ուշադրությունը գրավելու գաղափարներ չկան, նա տարօրինակ հայտարարություններ է անում: Եվ դա գործում է: Այսպես, օրեր առաջ նա Twitter-ում մի արտահայտություն էր հրապարակել, որը տարածեցին համաշխարհային բոլոր ԶԼՄ–ները։

 «The pope is dope», – գրել էր Քիմը: «Dope» բառն անգլերենում ժառգոնային է, ունի երեք իմաստ` «թմրանյութ», «հիմար» և «զիլ»: Pope-ը Հռոմի պապն է:

Մինչև հիմա հայտնի չէ, թե Քիմն ի՞նչ է ցանկացել անվանել Ֆրանցիսկոսին` հիմա՞ր, թե՞ թմրանյութ։ Քարդաշյանը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր արտահայտությունը: Բայց այդ մասին գրեցին ամերիկյան, եվրոպական և որոշ ռուսական լրատվամիջոցներ:

9. Հանճար լինել

Քիմին կարելի է իրավամբ մեծ գործարար անվանել: Նա իրականացրել է միլիոնավոր  մարդկանց երազանքը` Քարդաշյանն օդից փող է վաստակում: Պապարացիների յուրաքանչյուր նկարը, յուրաքանչյուր անհաջողություն և Twitter-ում արված գրառում նրան կայուն եկամուտ են բերում:

Կարծես, չկա մի ոլորտ, որին չի դիպչել նրա ագահ ձեռքը: Վերջերս Քիմը գործարկել է սեփական կայքը, որտեղ երկրպագուներին է ներկայացնում իր հաջողության գաղտնիքները: Անգամ այստեղ նա սահմանափակել է հասանելիությունը, նրա հոդվածները դիտելու համար պետք է գումար վճարել:

Առաջին հայացքից  ձախողված գաղափար է... Սակայն Քիմն արդեն հաշվում է հասույթը: Ինչպես հայտնի է լրագրողներին, 2015 թվականի դրությամբ Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում է 85 միլիոն դոլար:

10. Ունենալ աշխարհի ամենագեղեցիկ հետույքը

Իրականում մենք գիտենք Քիմի հաջողության գլխավոր գաղտնիքը: Ոչ, դա բնածին բիզնես-հոտառությունը կամ պարզապես հաջողությունը չէ: Գաղտնիքը հետույքն է: Աղջկա «հինգերորդ կետը» աշխարհում լավագույններից մեկն է ճանաչվել: Նման որոշում են կայացրել տղամարդկանց  համար նախատեսված ամսագրերից մեկի ընթերցողները:

Քիմը հաղթել է գրեթե միաձայն` առաջ անցնելով և՛ Ջեննիֆեր Լոպեսից, և՛ Բեյոնսեից և՛ շքեղ ազդրեր ունեցող այլ գեղեցկուհիներից։ Չնայած, մասնագետների կարծիքով, Քարդաշյանի հետույքը սիլիկոնային ներարկումների արդյունք է:–0–