ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է սկանդալային տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են «Արսենալի» աստղերը, մասնավորապես, Ալեքսանդր Լակազետը, Մատեո Գենդուզին, Մեսութ Օզիլ, Պիեռ Էմերիկ Օբամեյանգը, Հենրիխ Մխիթարյանը մասնակցում երեկույթի, որի ընթացքում օգտագործում են ալկոհոլ և «ուրախացնոզ գազ», գրում է The Sun–ը` հրապարակելով տեսանյութը։
Նշվում է նաև, որ երեկույթին մասնակցել է մոտ 70 աղջիկ։ Աղբյուրի փոխանցմամբ, տեսանյութի հրապարակումից հետո «Արսենալի» ղեկավարները նախատել են ֆուտբոլիստներին։
«Արսենալի» խոսնակը նշել է, որ ղեկավարությունը կզրուցի ֆուտբոլիստների հետ։
«Խաղացողներին կհիշեցնեն իրենց պարտականությունների մասին` որպես ակումբի ներկայացուցիչներ», – նշել է խոսնակը։
The Sun–ի հաղորդմամբ, սկանդալային երեկույթը տեղի է ունեցել Լոնդոնում, օգոստոսին` Պրեմիեր լիգայի մեկնարկից մի քանի օր առաջ։
Աղբյուրի տեղեկացմամբ, 29–ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու 26–ամյա գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին ևս երևում են կադրում, սակայն նրանցից ոչ մեկն «ուրախացնող գազ» չի օգտագործում։ Նշվում է նաև, որ երեկույթին ֆուտբոլային աստղերը վճարել են մոտ 25–30 հազար ֆունտ ստեռլինգ հաշիվ (մոտ 15–20մլն դրամ)։ Երեկույթի ընթացքում մատուցվել է թանկարժեք խմիչքի (յուրաքանչյուրը` մոտ 1,7մլն դրամ) տեսականի։ Նշվում է, որ այս տեսանյութը սաստիկ բարկացրել է թիմի մարզիչ Ունայի Էմերիին։
«Նրանք ոտքից գլուխ գազի մեջ էին, Օզիլը շնչեց գազն ու, կարծես, կորցրեց գիտակցությունը», – նշել է ականատեսներից մեկը։
Աղբյուրի հաղորդմամբ, միլիոնատեր աստղերը երեկույթը կազմակերպել են հատուկ VIP գոտում։ Նշվում է, որ պարտադիր է եղել, որ բոլորը, բացի ֆուտբոլիստներից, հանձնեն իրենց բջջային հեռախոսները։ Ակնհայտ է, որ «Արսենալի» ֆուտբոլիստները չեն ցանկացել, որպեսզի ինչ–որ մեկը լուսանկարի նրանց։
Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով։–0–