Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի

13.06.2017, 11:04
Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենալու հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է։
Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 14-ի երեկոյան ժամերին Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենալու հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում», – նշել է օդերևութաբանը։

Այսպիսով, հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Загружается новость ... "Право"

«Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում», – հայտնում է օդերևութաբանը։

Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։

«Ինչ վերաբերվում է հունիսի 12-ին Երևանում գրանցված հորդառատ անձրևին, պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում։ Նաև ուզում եմ նշել, որ 13-14մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50 տոկոսը», – Սուրենյանի խոսքերը մեջբերում է shamshyan.com կայքը։–0–