ՀՀ վարչապետ. Վերին Լարսի անցակետում անհրաժեշտ է մշտական ներկայացուցչի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարել Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը քննարկվել է շաբաթ կառավարություում տեղի ունեցած «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստի ժամանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ներկայում մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար:
Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը և տվել համապատասխան հանձնարարական:
Ռուս–վրացական սահմանի Վերին Լարս անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, ժամը 21:00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ: -0-