Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը հաստատել են իրենց այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ջորջ Քլունին և նրա կինը` Ամալ Ալամուդինը, հաստատել են իրենց այցը Հայաստան, որի շրջանակում նրանք կմասնակցեն Aurora Prize for Awakening Humanity առաջին միջազգային մրցանակաբաշխությանը, հաղորդում է Hellomagazine–ը։
Ջորջ Քլունին, որպես Aurora Prize–ի ընտրական հանձնաժողովի համանախագահ, կհրապարակի դափնեկրի անունը։
Հայտնի են «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները>>
100 LIVES նախագծի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության խնդիրը, մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև գնահատել այդ իրադարձության հետագա ազդեցությունը երեք առանցքային ուղղություններով` եզրակացություններ անել անցյալից, հավաքել և 100LIVES.com կայքի շնորհիվ հասարակության սեփականությունը դարձնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց անհայտ պատմությունները, հարգանքի տուրք մատուցել ներկային Aurora Prize նոր միջազգային մարդասիրական մրցանակի հիմնման միջոցով, որը կհանձնվի այն մարդկանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում։
Aurora Prize մրցանակի ընտրական հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելն ու օսկարակիր դերասան և բարեգործ Ջորջ Քլունին։ Բացի այդ, հանձնաժողովում ներառված են նոբելյան մրցանակակիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գվոբին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, իրավապաշտպան Խինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը ու նյույորքյան Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարտան Գրեգորյանը։
Aurora Prize մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016 թ.–ի ապրիլի 24–ին Երևանում։
100 LIVES նախագիծը հիմնադրվել է միջազգային գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի, ինչպես նաև մարդասեր Վարդան Գրեգորյանի կողմից` ներկայացնելու համար Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչպես նաև այն, թե մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության և բիզնեսի ոլորտում որքան լուրջ ներդրում է հաջողվել կատարել ցեղասպանությունից փրկված մարդկանց և նրանց ընտանիքներին։-0-