Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են հայ-թուրքական արձանագրությունները հանել ՀՀ խորհրդարանի օրակարգից

13.09.2011, 14:23
Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են հայ-թուրքական արձանագրությունները հանել ՀՀ խորհրդարանի օրակարգից
Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են հայ-թուրքական արձանագրությունները հանել ՀՀ խորհրդարանի օրակարգից

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ Դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչները երեքշաբթի՝ աշնանային նստաշրջանի առաջին օրը, առաջարկել են հայ-թուրքական արձանագրությունները հանել ՀՀ ԱԺ օրակարգից, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, արձանագրություններն ավտոմատ կերպով հանվել էին օրակարգից, քանի որ չեն քննարկվել մեկ գումարման ընթացքում և կրկին չէին ներկայացվել քննարկման վարչապետի կամ խորհրդարանի պատգամավորների կողմից: Դեռևս պարզ չէ՝ մտադի՞ր է, արդյոք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին ներկայացնել արձանագրությունները օրենսդիր մարմնին:
«Մենք նպատակահարմար ենք համարում դիմել ՀՀ նախագահին ՀՀ ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու առաջարկով՝ նման կերպով պահպանելով հավասարությունը, քանի որ այսօր կա դրա անհրաժեշտությունը», - ասել է Դաշնակցություն խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայում հակահայկական տրամադրություններ են ակտիվանում: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հենց թուրքական կողմի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդում ղարաբաղյան հարցին անդրադարձել են հայկական կողմի համար բացասական լույսի ներքո:

«Ժամանակն է դիմել նախագահին արձանագրությունների տակ դրված ստորագրությունները հետ կանչելու առաջարկով, քանի որ դրանք կարող են Հայաստանի դեմ օգտագործվել: Երբ Երևանը հետ կանչի ստորագրությունները, հայկական դիվանագիտության հնարավորությունները կընդլայնվեն, ինչը թույլ կտա ավելի լավ պաշտպանել մեր շահերը», - ասել է Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ այս հարցերը գտնվում են նախագահի իրավասության շրջանակներում:

«Կարծում եմ, որ նախագահն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին, և հարկավոր չէ նրան խորհուրդներ տալ: Համոզված եմ, որ եթե առաջիկայում թուրքական կողմն արձանագրությունները չմտցնի խորհրդարանի օրակարգ, ապա նախագահը կընդունի ժամանակին և ճիշտ որոշում», - ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է մի փոքր սպասել: «Եթե Թուրքիայի կառավարության կողմից ոչ մի քայլ չնկատվի, ապա ես համաձայն կլինեմ քննարկել այս հարցը: Կարծում եմ նաև, որ միջազգային կազմակերպությունները փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում արձանագրությունները ներառելու համար», - նշեց խոսնակը:
 Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հրամանագիր ստորագրեց՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:-0-