Մակրոնն ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է, որ հենց Բաքուն է 2020թ․–ին ԼՂ–ում սկսել սարսափելի պատերազմը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանն իսկապես սկսել է սարսափելի պատերազմ 2020թ․–ին Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։
«Եթե նայենք նախորդ տասնամյակներին, Ադրբեջանը, կարծում եմ, իսկապես զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։ Եվ եթե ինձ չի դավաճանում հիշողությունը, ապա ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, Ադրբեջանն իսկապես սկսել է սարսափելի պատերազմը 2020թ․–ին», – նշել է Մակրոնը։
Արձագանքելով ադրբեջանցի լրագրողի պատասխան նկատառմանը՝ Մակրոնը հայտարարել է, որ «մենք կարող ենք կազմակերպել բանավեճեր, բայց ես կարծում էի, որ սա մամուլի ասուլիս է»։