Վերահաստատում ենք հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

22.07.2024, 14:25
ՀՀ վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը
Վերահաստատում ենք հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը:

«Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում», – նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։