Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը. Նազելի Բաղդասարյան
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանը։
«Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։ Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր»,-գրել է նա՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերին։
«Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։ Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ»,-գրել է նա՝ հավելելով, որ երկու ու կես տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակների բացը։
«Բայց ռեֆլեքսիայի փոխարեն Սարգսյանը կրկին փորձ է անում պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա»,-գրել է Բաղդասարյանը։
Նա նշել է, որ նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կամ ոչ հեռատեսության արդյունք է, կամ օտար օրակարգի սպասարկում։ Երրորդ տարբերակ պարզապես չկա։
Նախօրեին «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում Սերժ Սարգսյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականին Փաշինյանին առաջարկել են ԼՂ հարցի վերաբերյալ մի փաստաթուղթ, որը մոտ մեկ տարի թաքցվել էր հանրությունից, բայց որը կարող էր օգտագործվել որպես բանակցությունների հիմք։
«8-9 ամիս առաջ ես տեսել եմ 2019 թվականին Արցախի հարցով համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը թաքցնում էր հայ ժողովրդից և այդ փաստաթղթի գոյության մասին զգուշացրել եմ Արցախի ղեկավարությանը»,- ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Արցախի ղեկավարությունը բացարձակապես տեղյակ չէր այդ նոր առաջարկից։
«Հետագայում արդեն, 2020 թվականին, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ»,-ընդգծել է Սարգսյանը։

