Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն և պաշտպանեն իրենց դիրքորոշումները

07.05.2010, 18:15
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն և պաշտպանեն իրենց դիրքորոշումները

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն և պաշտպանեն իրենց դիրքորոշումները, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«ԼՂՀ իշխանություններն ավելի ակտիվ պետք է լինեն, ավելի գործուն պաշտպանեն իրենց դիրքորոշումներն ու հայացքներն ու արդյունավետ ներկայացնեն դրանք՝ ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղը որոշ առումով իր սեփական կարծիքն ունի»,- ասաց Մանոյանը։

Նա նշեց, որ Դաշնակցությունը միշտ կիսել է ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված բոլոր գործընթացների նկատմամբ մտահոգությունը, և կարևորում է նախագահի կարծիքին ծանոթանալն ու սփյուռքից ունեցած ակնկալիքները։

Այս կապակցությամբ, ըստ նրա, Դաշնակցություն և Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները կայցելեն Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կանցկացնեն նախագահի, խորհրդարանում ներկայացված ուժերի, օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլի և Դաշնակցության կողմից տվյալ ուղղությամբ իրագործվող քայլերի քննարկման նպատակով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-