ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունները տեղի կունենան սահմանված ժամկետներում. գլխավոր քարտուղար

21.08.2009, 13:56
ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունները տեղի կունենան սահմանված ժամկետներում. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ համատեղ համալիր զորավարժությունները (ՀՀԶ) տեղի կունենան սահմանված ժամկետներում, լրագրողներին տեղեկացրել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Զորավարժությունների թեման է՝ «Արագ արձագանքման հավաքական ուժերի և ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի ռազմական համակազմերի պատրաստումն ու կիրառումը՝  հավաքական անվտանգության պահպանման նպատակով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՀՀԶ-ի առաջին փուլը կմեկնարկի օգոստոսի 26-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միավորված շտաբում: Երկրորդ փուլը կանցկացվի սեպտեմբերի երկրորդ կեսին Բելառուսում, երրորդ փուլը՝ հոկտեմբերին Ղազախստանում», - ասել է նա:

Նրա խոսքերով, այս ժամկետները սահմանվել են 2009 թ.-ի մարտին տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ժամկետները մշակվել են ապրիլին կայացած անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ քարտուղարության և Միավորված շտաբի շտաբային բանակցությունների ընթացքում, այնուհետև վերջնականապես համաձայնեցվել են: Հունիսին զորավարժությունների գաղափարին հավանություն է տվել Կազմակերպության Պաշտպանության նախարարությունների խորհուրդը: «Սա է պատճառը, որ ՀՀԶ-ի տեղափոխման մասին խոսք լինել չի կարող», - պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքերով, իրականությանը չի համապատասխանում նաև տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր «Մինսկը ձախողում է ՀԱՊԿ զորավարժությունները»:

«Բելառուսի Հանրապետության տարածքում անցկացվելու է ՀՀԶ-ի կարևորագույն փուլերից մեկը՝ «ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի ռազմական համակազմերի կիրառման կազմակերպումը հավաքական անվտանգության Արևելեվրոպական տարածքում» թեմայով, որի ընթացքում մեկ շարքում գործելու են Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանն ու Ղազախստանը ներկայացնող զինծառայողները», - ընդգծել է Բորդյուժան:

«Բելառուսի ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցել են զորավարժությունների գաղափարի մշակմանը, նրա նախապատրաստական աշխատանքներին: Եվ ես չեմ կասկածում, որ բելառուսական հողի վրա ծրագրված միջոցառումը, ըստ ավանդույթի, կանցկացվի ամենաբարձր կազմակերպչական մակարդակով», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«ՀԱՊԿ քարտուղարությունում մի շարք ԶԼՄ-ներում «զորավարժությունների տեղափոխման և ձախողման մասին» տեղեկություններն ու տարբեր տեսակի մեկնաբանությունները դիտարկում են որպես նպատակային ապատեղեկատվություն, որն ուղղված է ՀԱՊԿ անդամ-պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ձախողմանը», - ավելացրել է Բորդյուժան:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:-0-