Երևանում կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստող է ձերբակալվել. ՊԵԿ

02.02.2012, 19:35
Երևանում կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստող է ձերբակալվել. ՊԵԿ
Երևանում կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստող է ձերբակալվել. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ՊԵԿ օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցները ձերբակալել են Երևանի բնակիչ Գարեգին Վանոյանին, ով տնային պայմաններում պատրաստել է տարբեր տարողությամբ կեղծված հայտնի ապրանքանիշերի կոնյակներ:

Գերատեսչության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Վանոյանը ձերբակալվել է այն պահին, երբ հայկական շուկաներից մեկի մոտ փորձել է 58 հազար դրամով (շուրջ 150 դոլար) վաճառել «էլիտար» կոնյակ:

«Օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ Վանոյանը տնային պայմաններում պատրաստել է տարբեր տարողությամբ կեղծված հայտնի ապրանքանիշերի` «Տոնական», «Ախթամար» և «Նաիրի» պիտակներով կոնյակներ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Վանոյանը միայնակ չի գործել, գործընկերը Երևանի բնակիչ Արմեն Քոչարյանն է, «որի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տարբեր տարողության` «Hennessy», «Napoleon», «Նաիրի», «Տոնական», «Ախթամար», «Արարատ»  տեսակի կոնյակի  շուրջ 100, ինչպես նաև թանկարժեք վիսկիների և օղու դատարկ շշեր` իրենց տուփերով»:

Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 2004թ. և 2007թ-ի թվագրումով ակցիզային դրոշմանիշներ:

ՊԵԿ հետաքննության վարչության կողմից ՀՀ քր. օր. 207 հոդվածի 1-ին մասով (կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրությունը և վաճառքը)  քրեական գործ է հարուցվել:-0-