Ժամանակակից Ադրբեջանը 1939 թ.-ի Գերմանիան է հիշեցնում. ՀՀ ԱԳ նախարար

12.11.2010, 14:34
Ժամանակակից Ադրբեջանը 1939 թ.-ի Գերմանիան է հիշեցնում. ՀՀ ԱԳ նախարար
Ժամանակակից Ադրբեջանը 1939 թ.-ի Գերմանիան է հիշեցնում. ՀՀ ԱԳ նախարար

Ժամանակակից Ադրբեջանը 1939 թ.-ի Գերմանիան է հիշեցնում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդի ներկայացուցիչների առջև, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշել է նախարարը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրին կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման համար:

Որպես առաջին քայլ՝ ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին և վերադարձնելու զոհվածների դիակները:

«Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով», - ասել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նոյեմբերի 7-ին այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին:

Նախարարը հիշեցրել է, որ Ալիևն ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ և վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ…  որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»:

Նալբանդյանը նշել է, որ Ալիևը մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ և նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը ևս մեծ վերելք է ապրում»:

«Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջև` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ  Հայաստանը և Երևանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան: Սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է», - ասել է Նալբանդյանը:

Նա տեղեկացրել է, որ 2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը», - ասել է Նալբանդյանը:

Նախարարի խոսքերով՝ եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն և սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձևական, այլ գործնական մասնակցություն ունենալուն:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-