Երևանի տնտեսագիտական համալսարանի դասախոսը ծեծի է ենթարկել ուսանողի. թերթ

10.11.2010, 10:42
Երևանի տնտեսագիտական համալսարանի դասախոսը ծեծի է ենթարկել ուսանողի. թերթ

Երևանի տնտեսական համալսարանի դասախոս, համալսարանի կարիերայի բաժնի պետ Սերգեյ Հովասափյանը ծեծի է ենթարկել ուսանողի, գրում է «Հրապարակ» թերթը:

Թերթի համաձայն՝ մաթեմատիկայի ընթացիկ քննություն անցկացնելիս Հովասափյանը, կասկածելով, որ թեստը լրացնող առաջին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանը օգտվում է «շպարգալկայից», նրան հրամայել է դուրս գալ լսարանից:

Ուսանողը տարակուսել է, որովհետև ընդամենը շրջված խոսելիս է եղել համակուրսեցու հետ: Լսարանից դուրս գալու պահին Սերգեյ Հովասափյանն աքացի է տվել նրա ետևից: Վրդովված ուսանողը պատիվ է պահանջել, այդ ընդվզումից կատաղած դասախոսը հարձակվել է տղայի վրա ու սկսել ծեծել:

Ուսանողները բունտ են բարձրացրել, և միջադեպի հետ կապված՝ ռեկտորատը ստիպված է եղել նիստ գումարել, որի ընթացքում որոշվել է, թերթի տվյալներով, Հովասափյանին զրկել դասախոսելու իրավունքից, սակայն թողնել կարիերայի բաժնի պետի պաշտոնում:-0-