Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը լիբանանցի և կիպրոսցի իր գործընկերներին հրավիրել է Հայաստան

09.11.2010, 19:51
Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը լիբանանցի և կիպրոսցի իր գործընկերներին հրավիրել է Հայաստան

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը լիբանանցի և կիպրոսցի իր գործընկերներին հրավիրել է 2011 թ.-ին այցելել Երևան՝ «Մասնագիտություն հեռանկարում» միջազգային համաժողովին մասնակցելու համար, և նրանք ընդունել են հրավերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից:

Բադալյանը գտնվել է Լիբանանում հոկտեմբերի 29-նոյեմբերի 2-ը և Կիպրոսում՝ նոյեմբերի 2-5-ը:

Այցելությունների ընթացքում ՔԾԽ նախագահի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման տարեկան աշխատանքային ծրագրեր կազմելուն, փորձի փոխանակման և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր:

Համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Լիբանանի քաղաքացիական ծառայությունների մարմինների միջև գործընկերության ձևավորման, կողմերի ձեռքբերումների ուսումնասիրման, երկու երկրներում քաղաքացիական ծառայության համակարգերի կատարելագործմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման մասին:

Նիկոսիայում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի Հանրապետության ֆինանսների նախարարությունում, Հանրային կառավարման ակադեմիայում: Նախագծվել են երկու մարմինների միջև 2009 թվականի հուլիսին Երևանում ստորագրված հուշագրի դրույթներից բխող համագործակցության կոնկրետ տարեկան ծրագրերի իրականացման ուղիները և մեխանիզմները:-0-