Մինասի վերականգնված որմնանկարները շաբաթվա վերջում կտեղադրվեն կառավարության շենքում

09.11.2010, 14:56
Մինասի վերականգնված որմնանկարները շաբաթվա վերջում կտեղադրվեն կառավարության շենքում
Մինասի վերականգնված որմնանկարները շաբաթվա վերջում կտեղադրվեն կառավարության շենքում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ականավոր նկարիչ Մինասի երկու վերականգնված որմնանկարները շաբաթվա վերջում կտեղադրվեն ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը:

«Ուրբաթ կառավարության շենքում կտեղադրվեն «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները, այնուհետև մեկ շաբաթվա ընացքում ռեստավրատորները վերջնական աշխատանքները կկատարեն: Դա մի քիչ բարդ գործ է, սակայն հնարավոր բոլոր պայմանները կստեղծվեն»,- ուրբաթ «Նովոստի» մամուլի կենտրոում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ վերականգնման աշխատանքն իրականացրել է իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին, իսկ նրա հետ աշխատել են չորս հայ մասնագետներ:

Հարությունյանի խոսքով, որմնանակարը հատկապես կառավարության շենքում տեղադրելու որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նկարչի հարազատ Ջաջուռ գյուղում գտնվող թանգարանում այն տեղադրել հնարավոր չէր որմնանկարների հսկայական չափերի պատճառով:

«Մեր հասարակության մեջ դժվար է ընկալվում վարչական շենքերում մշակութային արժեքների առկայությունը, սակայն Ամերիկայում և նույնիսկ ավանդական Եվրոպայում դա նորմալ պրակտիկա է: Դրանով պետությունը ցուցադրում է իր վերաբերմունքը այդ արժեքների նկատմամբ»,- ընդգծեց վարչության պետը:

Հարությունյանը նշեց, որ այդ որմնանկարների վերականգնման համար պետությունը հատկացրել էր 20 միլիոն դոլար, իսկ աշխատանքները տևել են մոտ չորս ամիս:

Իտալացի ռեստավրատորն իր հերթին նշեց, որ վերականգնման աշխատանքերից հետո որմնանկարները լիովին համապատասխանում են բնօրինակին:

«Ինձ համար Մինասի աշխատանքների վերականգնումը չափազանց հուզիչ էր: Ես հատկապես հուզված էի, երբ աշխատանքի ավարտին նկատեցի, որ «Հանդիպում» որմնանկարի վրա նշված է 1915 թվականը: Ես գիտեմ 1915 թվականի ցեղասպանության մասին, և չափազանց հուզված էի այդ գրությունը տեսնելիս»,- ասաց Յակոբինին:

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։ 1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներկայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-