Ատրպատականի նահանգապետը շնորհակալություն հայտնեց հայկական եկեղեցուն՝ ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար

05.11.2010, 16:42
Ատրպատականի նահանգապետը շնորհակալություն հայտնեց հայկական եկեղեցուն՝ ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանի և Իրանի ջերմ ու բարեկամական հարաբերություններին՝ ուրախություն հայտնելով դրանց խորացման համար։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Վեհափառ Հայրապետը գնահատանքի ու շնորհակալական խոսք հայտնեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի և աջակցության համար:

Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն իր շնորհակալությունը և ուրախությունը հայտնեց Հայաստանում, մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու համար: Նա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ` բարի նշան և հիշարժան համարելով տարեդարձի օրերին իր այցելությունը Մայր Աթոռ: Մեծարգո նահանգապետն իր երախտագիտությունը հայտնեց նաև Հայ Առաքելական Եկեղեցուն` ի մասնավորի Նորին Սրբությանը` ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Հայ Եկեղեցին  անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Հանդիպման ավարտին պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարան:-0-