Ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետևանքների, պատերազմի ու ավերածությունների. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

04.11.2010, 15:33
Ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետևանքների, պատերազմի ու ավերածությունների. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետևանքների, պատերազմի ու ավերածությունների, նախօրեին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանը և դրա հիմնական կոմիտեների աշխատանքները:

Մասնավորապես, նոյեմբերի 3-ին քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» օրակարգային կետի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ չորս տասնյակ երկրների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեսպանը նշել է, որ Արցախում հայ ժողովուրդը պայքարել է իր ազատության իրավունքի համար` դիմակայելով իր նկատմամբ սանձազերծած պատերազմին և իր նախնիների հայրենիքից բնաջնջելու բոլոր փորձերին:

Նազարյանի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, կատարել է իր սուվերենության օգտին ընտրությունը, և այդ նպատակին հասնելու համար գործադրել բոլոր իրավական մեխանիզմները:

Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների միջև տեղի են ունեցել հավելյալ քննարկումներ: Հայաստանի ներկայացուցիչը զավեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելույթ է ունենում օրակարգի տվյալ կետի ներքո` միևնույն ժամանակ փորձեր կատարելով անտեսել արցախահայության ինքնորոշման իրավունքը:

Նրա խոսքերով՝ մարդու և հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները մշտապես բացակայել են Ադրբեջանում, դրանք փոխարինվել են կամայական և անօրինական ակտերով:

«Միջազգային հանրությունն ականատես եղավ, որ շարունակվող քսենոֆոբիայի և անհանդուրժողականության արդյունքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ կազմակերպվեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանություններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագությամբ և բարբարոսությամբ», - ասել է նա:

Այս կապակցությամբ Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքը:

«Տարածաշրջանում ներկա իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների և, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի», - ասել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-