Հայ ընդդիմադիրը բողոքում է «դատարաններում առկա ծաղրուծանակի» դեմ

04.11.2010, 13:13
Հայ ընդդիմադիրը բողոքում է «դատարաններում առկա ծաղրուծանակի» դեմ

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին հանդես է գալիս «զոհված զինծառայողների և 2008 թվականի մարտի 1-2-ի զոհերի ծնողների նկատմամբ դատարաններում, դատախազություններում և պետական այլ հաստատություններում առկա ծաղրուծանակի» դեմ։

Գասպարին հինգշաբթի պառկած բողոքի ակցիա է սկսել Հայաստանի կառավարության շենքի առջև։ Ընդդիմադիրի կրծքին պաստառ է փակցված «Դադարեցրեք բռնությունն ու խոշտանգումները բանակում, ոստիկանությունում և ազատազրկման վայրերում, մասնավորապես, քաղբանտարկյալների նկատմամբ» գրությամբ։

«Մենք բոլորս պետք է «գետինը մտնենք» ամոթից, որ ծաղրում են իրենց հարազատների մահը սգող ծնողներին»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Գասպարին։  

Միաժամանակ նա նշեց, որ նրա ակցիան կապված չէ Նիկոլ Փաշինյանի վրա գործած հարձակման հետ, ում համախոհն է նա։

«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նախօրեին հարձակման է ենթարկվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա բանտային պատիժ է կրում 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին Փաշինյանին դատապարտել է յոթ տարի ազատազրկման։ Հետագայում  2010 պատժի վերջնական ժամկետը կրճատվել է մինչև երեք տարի տասն ամիս և 29 օր։

Վարդգես Գասպարին նույնպես դատապարտվել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների գործով և արդեն մի քանի անգամ նստացույցներ է անցկացնում «ազատազրկման վայրերում խոշտանգումների դադարեցման» պահանջով։

«Ինձ համար կարևոր է, որ իմ քաղբանտարկյալ ընկերներն իմանան, որ մենք շարունակում ենք պայքարը հնարավոր բոլոր ձևերով»,- ասաց նա՝ հավելելով, որ կշարունակի իր ակցիան մինչև կառավարության նիստի ավարտը։ -0-