2011 թվականին Լեհաստանի նախագահը կայցելի Հայաստան

03.11.2010, 19:08
2011 թվականին Լեհաստանի նախագահը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 3-ին Արթուր Բաղդասարյանին ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տեղեկացնում է ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արթուր Բաղդասարյանը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները և Հայաստան պաշտոնական այցի հրավերը: Բրոնիսլավ Կոմորովսկին սիրով ընդունել է հրավերը. 2011 թվականին Լեհաստանի նախագահը կայցելի Հայաստան:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին` հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: Նշելով, որ հայերը դարեր շարունակ մեծ ներդրում ունեն Լեհաստանի մշակութային, տնտեսական կյանքում, Բրոնիսլավ Կոմորովսկին հավելել է, որ ցեղասպանությունների դատապարտումը կարևոր է դրանց հետագա կրկնությունը բացառելու առումով, որ 21-րդ դարում կարեւոր են խաղաղության և փոխգործակցության վրա խարսխված հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Լեհաստան քաղաքական համագործակցությանն առնչվող հարցերի: Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, կարեւորվել է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որում ընդգրկված է նաև Հայաստանը:

Անդրադառնալով Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը` Բրոնիսլավ Կոմորովսկին ընդգծել է Լեհաստանի և Հայաստանի միջեւ անվտանգության հարցերով պարբերական խորհրդատվությունների անցկացման կարևորությունը, որը հնարավորություն կտա ավելի ընկալելի դարձնել միմյանց մոտեցումները անվտանգության մարտահրավերներին դիմակայելու գործում: -0-