Հայաստանում նոյեմբերի առաջին կեսը նորմայից ավելի տաք կլինի. Հայհիդրոմետ

02.11.2010, 18:19
Հայաստանում նոյեմբերի առաջին կեսը նորմայից ավելի տաք կլինի. Հայհիդրոմետ
Հայաստանում նոյեմբերի առաջին կեսը նորմայից ավելի տաք կլինի. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոյեմբերի առաջին կեսը նորմայից ավելի տաք և էապես առանց տեղումների կլինի, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Նոյեմբերի առաջին կեսին հովտային շրջաններում երեկոյան կլինի 5-6 աստիճան տաքություն, ցերեկը՝ 18-20 աստիճան տաքություն», - տեղեկացրեց Պետրոսյանը:

Հայպետհիդրոմետի կանխատեսումներով՝ նոյեմբերի երկրորդ կեսին կգրանցվի ջերմաստիճանի անկում, հնարավոր է նաև զրոյից ցածր ջերմաստիճան, սակայն ուժեղ ցրտեր չեն սպասվում:

«Այս տարի Հայաստանում շատ ցուրտ ձմեռ չի սպասվում, այն մոտ կլինի նորմային, սակայն բացասական միտումով», - ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ նոյեմբերի սկզբին գրանցված ցուրտ եղանակը պայմանավորված էր հյուսիս-արևելքից (Կասպից ծովից) Հայաստանի տարածք ներթափանցած սառը օդային հոսանքներով:

Հովտային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է զրոյից ցածր երեք աստիճան, իսկ լեռնային շրջաններում՝ զրոյից ցածր ութ աստիճան: Հանգստյան օրերին հանրապետությունում տեղումներ էին գրանցվել, իսկ լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները գրանցվել էին ձյան տեսքով:-0-