ՀՀ ԱԺ-ում հետաձգվել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը [Տարբերակ 1-ին]

28.10.2010, 13:11
ՀՀ ԱԺ-ում հետաձգվել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը [Տարբերակ 1-ին]

ՀՀ խորհրդարանում հետաձգվել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ներկայացրած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը, հաղորդում  է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը խորհրդարանից։

Քվեարկությունը մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգելու առաջարկով հանդես է եկել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Քվեարկությունից առաջ Հայաստանի Հանրապետության կուսակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհրդարանական մեծամասնության (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունների) անունից հայտարարությամբ հանդես եկավ, որում նշված էր, որ կոալիցիոն չի մասնակցի քվեարկությանը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է։

«Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին և զորակցում է խորհրդարանական կոալիցիան:», - ասաց Սահակյանը։

Ըստ նրա, անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին՝ համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ և հետևողական կենսագործման պայմաններում։

«Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի՝ վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Սահակյանը նշեց, որ Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում կոալիցիոն ուժերը կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, կսատարեն դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը։ -0-