Հրազդանում ինքնասպանություն գործած պատանին «Էմո» շարժման զոհ էր. թերթ

28.10.2010, 12:07
Հրազդանում ինքնասպանություն գործած պատանին «Էմո» շարժման զոհ էր. թերթ

Հրազդանում ինքնասպանություն գործած պատանին «Էմո» շարժման զոհ էր, հինգշաբթի գրում է «168 ժամ» օրաթերթը:

«Էմո» ենթամշակույթը (անգլերեն «emotion»՝ էմոցիոնալ, զգացմունքային բառի կրճատ ձևը) սկիզբ է առնում ռոք-երաժշտության, հագուստի և կենսակերպի հատուկ ոճից, որն իր գոյությունն է սկսել 1980-ակններին Արևմուտքում: Սկզբում «Էմո» շարժումը հանդես է եկել որպես երաժշտական ուղղվածություն, սակայն շատ արագ հատել է ինչպես աշխարհագրական, այնպես էլ երաժշտական սահմանը և վերածվել նոր ենթամշակույթի:

Էմոյի իրական գաղափարախոսությունն այն է, որ միայն թախծի կամ լքվածության զգացումի դեպքում մարդ կարող է ճանաչել կյանքի իրական իմաստը։ Սակայն շարժման ժամանակակից հետևորդները խեղաթյուրել են գաղափարախոսության էությունը՝ այն վերափոխելով ինքնասպանության կոչի։ Նրանք կարծում են, որ մահը կյանքում ամենագեղեցիկ երևույթն է, իսկ ինքնասպանությունը՝ կյանքից հեռանալու կատարյալ տարբերակը։

«168 ժամ» թերթի թղթակիցները սեփական հետաքննությունն են անցկացրել կատարվածի վերաբերյալ և պարզել են, որ զոհված Գուրգեն Հարությունյանը ինտերնետի և հեռախոսային հաղորդագրությունների միջոցով կապի մեջ է եղել «Էմո» շարժման ներկայացուցիչների հետ։

Հարևանները պատմել են, որ ինքնասպանությունից առաջ երիտասարդն  ինքնասպանություն գործելու պահանջով հաղորդագրություն է ստացել։ «Ինչու՞ մեր ասածը չես անում։ Ինչու՞ ես ուշացնում։ Հերթը քոնն է։ Քեզնից հետո էլի մարդիկ կան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես պատմել է տղայի մայրը, ինքնասպանությունից առաջ Գուրգենը սկսել է գանգեր և դագաղներ նկարել։ Հարությունյանի քույրերն էլ ասել են, որ Գուրգենը sms է ստացել, որի հեղինակները նրան սպառնացել են, որ եթե նա կամավոր ինքնասպան չլինի, ապա նրան կսպանեն։

Հոկտեմբերի 19-ին Գուրգեն Հարությունյանը ձյուդոյի իր հագուստի գոտիով կախվել էր լողասենյակում։ Ինքնասպանությունից առաջ թողած հաղորդագրության մեջ ասել է, որ զզվել է դասերի հետ կապված ծնողների հորդորներից։ -0-