Երևանն օգտակար և կարևոր է համարում Աստրախանում կայացած Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը

28.10.2010, 10:31
Երևանն օգտակար և կարևոր է համարում Աստրախանում կայացած Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը
Երևանն օգտակար և կարևոր է համարում Աստրախանում կայացած Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի հանդիպումը

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը օգտակար և կարևոր է համարում նախօրեին Աստրախանում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ՝ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Սա Ռուսաստանի Նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և ներկայությամբ յոթերորդ հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես և նախորդները, օգտակար էր և կարևոր»,- Նալբանդյանի խոսքը մեջբերեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարարը նշեց, որ նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները:

Նա ավելացրեց, որ հանդիպման ժամանակ վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2–ին ընդունված հռչակագրի դրույթները։

2008թ. նոյեմբերի 2-ին Մայնդորֆում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր: Երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Բացի այդ, ըստ Նալբանդյանի, ընդգծեցին, որ քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։

Նա նաև ասաց, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։

«Նաև նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովը»,- ասաց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-