Իրանի նախագահի Հայաստան այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով

26.10.2010, 19:32
Իրանի նախագահի Հայաստան այցի ժամկետները կհստակեցվեն  դիվանագիտական խողովակներով
Իրանի նախագահի Հայաստան այցի ժամկետները կհստակեցվեն  դիվանագիտական խողովակներով

Իրանի նախագահ Մահմուդ  Ահմադինեժադի Հայաստան կայանալիք այցի ժամկետները կհստակեցվեն  դիվանագիտական խողովակներով, Թեհրանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումից հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։

ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։

Իրանի նախագահն իր հերթին ցանկացած նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա:

Նա երկու երկրների կառավարությունների միջև կապերի ամրապնդման գոհունակություն է հայտնել, ինչը կնպաստի հայ-իրանական համագործակցության ու բարեկամության զարգացմանը։

Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Վարչապետի գլխավորած հայկական պատվիրակությունը երկուշաբթի օրվանից երկօրյա աշխատանքային այցով Իրանում է գտնվում՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմի հրավերով։ -0-