ՄԱԿ-ի Մոդել համաժողովի ընթացքում հայ երիտասարդները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունները

25.10.2010, 14:35
ՄԱԿ-ի Մոդել համաժողովի ընթացքում հայ երիտասարդները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունները

Հայ երիտասարդության մասնակցությամբ երկուշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում մեկնարկել է հայ-թուրքական հարաբերությունների թեմայով ՄԱԿ-ի Մոդել համաժողովը։

Համաժողովն անցկացվում է IREX կազմակերպության և ԱՄՆ պետդեպարտամենտի հետ ՄԱԿ-ի համագործակցությամբ՝ կրթական փոխանակման հայ-ամերիկյան ծրագրերի շրջավարտների մասնակցությամբ։

«Այս խաղն անցկացվում է ՄԱԿ-ի Շաբաթի շրջանակներում, որը նվիրված է կազմակերպության 65-ամյակին։ Այսօր առավոտյան մենք հանդիպել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ այսքան շատ երիտասարդ տաղանդավոր և խելացի մարդիկ կան, ովքեր իրենց վրա կվերցնեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամլբեայի տարբեր երկրների ներկայացուցիչների դերը և կքննարկեն հայ-թուրքական մերձեցման հարցը»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան։

Ըստ նրա՝ նման խաղերը երիտասարդների մոտ նպաստում են բանակցողի ունակությունների զարգացմանը, խորացնում են նրանց գիտելիքները ՄԱԿ-ի գործունեության բնագավառում։

 «Նման մոդելային համաժողովներն ամեն տարի անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում, և այդ քննարկումների լավագույն մասնակիցները միջազգային մոդելային համաժողովներին մասնակցելու հնարավորություն են ստանում»,- ավելացրեց Գերչևան՝  երիտասարդ մարդկանց կոչ անելով ավելի շատ կարդալ և տեղեկանալ  ՄԱԿ-ի գործունեության մասին։ --0--