Հայկական շաքարն ամենից լավը պետք է լինի. ՀՀ նախագահ

25.10.2010, 10:45
Հայկական շաքարն ամենից լավը պետք է լինի. ՀՀ նախագահ
Հայկական շաքարն ամենից լավը պետք է լինի. ՀՀ նախագահ

Հայաստանում արտադրվող շաքարն ամենից լավը պետք է լինի, շաբաթը օրը Ախուրյանում գտնվող շաքարի նոր գործարան այցելելությունից հետո լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Երկար տարիներ Հայաստանում շաքար չէր արտադրվում, հիմա արտադրվեց: Մեր շաքարն ամենից լավը պետք է լինի»,- նշել է նախագահը:

 

Շաքարի նոր գործարանում առ այսօր կատարվել է շուրջ 102 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, գործարկվել է ներկրվող հումքով աշխատող սխեման: Մինչ օրս ներկրվել է 17 հազ. տոննա կիսաֆաբրիկատ հումք, որը վերամշակելով ստացվել է սպիտակ շաքար: Արտադրված շաքարը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Հայաստանում աճեցված շաքարի ճակնդեղի վերա­­­մշակ­ման սխեման ավարտին հասցնելու համար մնացել են գործարկման և կարգավորման աշխա­տանքները, որոնք կիրականացվեն բերքահավաքից հետո:

«Իհարկե, կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու. նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ»,- ասել է նախագահը:

Նրա խոսքերով՝ գործարանը այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետև այն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը:

«Հասկանում եմ, որ հիմա որոշակի խնդիրներ կան, վստահության պակաս կա. մարդիկ երևի չեն հավատում, որ գործարանն ի վիճակի է իրենց արտադրած բերքն ամբողջովին գնելու, կամ կասկածում են բերքատվության վրա: Ժամանակի ընթացքում այս խնդիրը, իհարկե, կկարգավորվի», - ասել է ՀՀ նախագահը:

«Երրորդ կարևորագույն խնդիրը, որ լուծում է այս գործարանը` մեր քաղաքականության կենսագործումն է, այսինքն` ներմուծման կրճատում և արտահանման ավելացում: Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետև Ախուրյանի գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու և ավելի էժան, քան արտերկրում արտադրված շաքարը», - ասել է ՀՀ նախագահը:

Նա նշել է, որ արտահանման առաջին խմբաքանակն արդեն ուղարկված է: «Ինչպես ինձ ասում է գործարանի սեփականատերը, հաջողությամբ իրացվում է այն երկրում, որտեղ արտահանել են շաքարը», - նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահին հարցրեցին այն մասին, թե, արդյո՞ք, Վրաստան արտահանված շաքարը մրցունակ կլինի այդ շուկայում:

«Ճիշտն ասած, ես Վրաստանի շուկան առանձնապես չեմ ուսումնասիրել, բայց վստահ եմ, որ այս գործարանը, արտադրելով որակյալ և մրցունակ գներով շաքար, ոչ միայն Վրաստանում, այլ նաև այլ երկրներում ունենալու է իր կայուն շուկան: Մանավանդ, որ պետությունը մշտապես կատարելու է իր խնդիրներից մեկը ևս այս տարածաշրջանում. մենք ամեն կերպ խրախուսելու ենք մեր գյուղացիներին, որպեսզի ճակնդեղ արտադրեն», - ասել է ՀՀ նախագահը:

Նա նշել է, որ ինչքան շատ Հայաստանում արտադրվի ճակնդեղ, այնքան գները կայուն են լինելու, որովհետև քիչ է ունենալ շաքարի գործարան, պետք է նաև հումք ունենալ:

«Քիչ է ունենալ շաքարի գործարան, պետք է նաև հումք ունենալ: Իսկ եթե այս գործարանը պետք է աշխատի Հարավային Ամերիկայից ներկրած հումքի վրա, ապա շաքարի վերջնական արտադրանքի գինը կախված է լինելու հումքի գնից: Մենք չենք ցանկանում, որ այդպես լինի», - նշել է ՀՀ նախագահը:-0-