ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին գործադրել բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ

22.10.2010, 18:08
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին գործադրել բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ

Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների հետ քննարկումներ էին անցկացնում կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթներ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին գործադրել բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ

Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի «ագրեսիայի» և «օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը:

Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:

Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, թե ոչ, ու հավելել, որ կարևորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռևս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախևառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային:-0-