ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին տասը տարիների ընթացքում դեռահասների հանցավորության մակարդակի նվազում է արձանագրել

19.10.2010, 13:56
ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին տասը տարիների ընթացքում դեռահասների հանցավորության մակարդակի նվազում է արձանագրել

Դեռահասների հանցավորության մակարդակը վերջին տասը տարիների ընթացքում նվազել է 13 տոկոսով, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1995-2001 թվականների ընթացքում անչափահասների հանցավորության մակարդակն աճել է (433-ից մինչև 611 դեպք), բայց սկսած 2001 թվականից և առայսօր արձանագրվել է դեռահասների հանցավորության մակարդակի աստիճանական նվազում՝ 611 դեպքից մինչև 532», - ասաց գլխավոր դատախազը Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի բացմանը, որի շրջանակներում կքննարկվեն անչափահասների գործերով արդարադատությունում դատախազության դերին վերաբերող հարցեր։

Հովսեփյանի խոսքերով, Հայաստանի յուրաքանչյուր 100 հազարին բաժին ընկած հանցավորության գործոնը 2009 թվականի ընթացքում կազմել է 441 դեպք, որից դեռահասների հանցավորության բաժինը կազմում է 16,4 դեպք կամ նշված ժամանակահատվածում Հայաստանում հանցավորության ընդհանուր թվի 3,7 տոկոսը։

«Վերջին երեք տարիների ընթացքում արձանագրված 302 սպանություններից միայն 1,6 տոկոսն են կատարվել անչափահասների կողմից»,- ասաց նա, հավելելով, որ դեռահասների հանցագործությունների 68,6 տոկոսը գողությունն է։

Դատախազի խոսքերով, Հայաստանում վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքում դատախազությունն, ըստ էության, զրկվել է մարդու իրավունքները քրեաիրավական ոլորտից դուրս պաշտպանելու հնարավորությունից, ինչը չի համապատասխանում Գլխավոր դատախազության՝ որպես երկրի կարևորագույն պետական մարմիններից մեկի կարգավիճակին։

«Անչափահասների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը քաղաքական և սոցիալական կարևորագույն խնդիրներից է, որի լուծումը պետական մարմինների, այդ թվում՝ Հայաստանի Դատախազության, լուրջ ջանքեր ու նպատակաուղղված աշխատանք է պահանջում»,- ասաց դատախազը։

Ոստիկանության տվյալներով, 2010 թվականի չորս ամիսների ընթացքում Հայաստանում անչափահասների շրջանում արձանագրվել է 113 հանցագործություն 2009 թվականի նույն ժամանակահատվածի 92 հանցագործությունների դիմաց։ Հանցագործությունների շարքում առաջին տեղում են մանր գողությունները և մարմնական վնասվածքները։ -0-