Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագիծը բաց է ներդրողների համար. Էներգետիկայի նախարարություն

19.10.2010, 13:35
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագիծը բաց է ներդրողների համար. Էներգետիկայի նախարարություն
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագիծը բաց է ներդրողների համար. Էներգետիկայի նախարարություն

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագիծը բաց է ներդրողների համար, երեքշաբթի Էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և շրջակա միջավայրի հարցերին նվիրված ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում  լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

«Մենք բանակցային գործընթաց ենք սկսել հնարավոր մասնակիցների հետ», - ասաց Գալստյանը՝ միաժամանակ ձեռնպահ մնալով հրապարակել նրանց անունները մինչև կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը:

Գալստյանի խոսքերով՝ ռուսական կողմը դեմ չէ այլ ներդրողների ներգրավմանը: «Հասկանալի է, որ ծրագրերը միշտ բարդ են լինում, երբ նրանցում շատ խաղացողներ կան, կան տարբեր շահեր և մոտեցումներ, սակայն կարծում եմ, որ, վերջիվերջո, բոլոր շահերը կարելի է համատեղել», - ասաց Գալստյանը:

Ռուսաստանն ու Հայաստանը օգոստոսի 20-ին հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի և ատոմային էլեկտրակայանների կառուցման հարցում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել:

Ինչպես փաստաթղթի ստորագրման արարողության նախօրեին տեղեկացրել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման 20 տոկոսից ավելին: Նրա խոսքերով՝  արդեն ստեղծվել է ռուս-հայկական համատեղ ընկերությունը՝ ԱԷԿ-ի կառուցման համար, որը պետք է ապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսից ավելին, իսկ 60 տոկոսը ծրագրվում է ներգրավել ներդրողների հաշվին: -0-