Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար. Սարգսյան

18.10.2010, 11:40
Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար. Սարգսյան

Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից, շաբաթ օրը սփյուռքահայ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հետո ինքը (Ադրբեջանը) սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Կարծես թե պատերազմի հետևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել», - մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը նախագահի մամուլի ծառայությունից:

Սարգսյանի խոսքերով՝ Ադրբեջանցիներն իրենց դեմքը փրկելու համար ամենուր վայհռետորություն են անում, թե հայերն այլ երկրի օգնությամբ են պատերազմում հաղթանակ տարել:

«Պարզ է. այլապես ինչպե՞ս պետք է բացատրեին փոքրաթիվ հայերից ջախջախիչ պարտություն կրելու փաստը: Բայց այդպես էլ քաջություն չունեն հրապարակավ պաշտոնապես հայտարարելու, թե այդ ի՞նչ երրորդ երկրի մասին է խոսքը: Բա ասե՞ք: Ասեք, որ փաստերով ցույց տանք, որ ստում եք», - նշել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատևել և ապագա չունի:

«Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, հետո էլ ապշում, երբ պարզվում է, որ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ աշխարհը բոլորովին այլ տեսակետ ունի», - նշել է ՀՀ նախագահը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-