Հայաստանի բնակչության շուրջ 13%-ը տառապում է աչքի հիվանդություններով

14.10.2010, 12:58
Հայաստանի բնակչության շուրջ 13%-ը տառապում է աչքի հիվանդություններով
Հայաստանի բնակչության շուրջ 13%-ը տառապում է աչքի հիվանդություններով

Հայաստանի բնակչության շուրջ 13 տոկոսը տառապում է աչքի հիվանդություններով, որոնք կարող են կուրության հանգեցնել, հինգշաբթի լրագրողներին ասաց «Հայկական ակնաբուժական նախագծի» (The Armenian EyeCare Project - AECP) տնօրենի մոնիտորինգի և գնահատման գծով տեղակալ Նաիրուհի Ջրբաշյանը՝ ներկայացնելով AECP-ի ուսումնասիրությունների գնահատականները:

Նրա խոսքերով՝ նմանատիպ հիվանդությունների շարքին են դասվում կատարակտը, մակուլյար դեգեներացիան, գլաուկոման, դիաբետիկ հիպերտոնիան:

Ջրբաշյանը տեղեկացրեց, որ 2003 թ.-ից AECP-ի ներկայացուցիչները երեք անգամ այցելել են հանրապետության բոլոր մարզերը՝ հետազոտելով 240 հազար մարդու: Հետազոտության արդյունքում տվյալների բազա է ստեղծվել, որում 160 հազար մարդ է ներառվել:

Նա նշեց, որ 2007-2009 թթ.-ի տվյալների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքում հաջողվել է ստանալ Հայաստանում կուրության տարածված լինելու գնահատականը: AECP-ի գնահատականների համաձայն, կուրության տարածված լինելու մակարդակը կազմում է 0,7 տոկոս, կատարակտինը՝ 8,4 տոկոս, գլաուկոմայինը՝ 1,3 տոկոս, իսկ աչքի հատակի հիվանդություններինը՝ 7,9 տոկոս:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում, ինչպես նաև մյուս երկրներում ամենախոցելի խումբը 50-ն անց մարդիկ են: Ջրբաշյանը տեղեկացրեց, որ բնակչության այս կատեգորիայի շրջանում կուրության տարածումը միջին հանրապետական ցուցանիշից բարձր է եռակի անգամ, կատարակտինը՝ քառակի անգամ:

«Մենք 50-ն անց մարդկանց համար խոցելիության գնահատական ենք մշակել, որի համաձայն, այս տարիքային կատեգորիայի մարդկանց շուրջ 37 տոկոսը տառապում է աչքի գոնե մեկ հիվանդությամբ, որը կարող է կուրության հանգեցնել», - ասաց նա:

«Հայկական ակնաբուժական նախագծի» տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքերով՝ կազմակերպությունը պատրաստել է վեցամյա աշխատանքի վերլուծություն:

Նրա խոսքերով՝ այդ տվյալները յուրօրինակ են Հայաստանում: Եղիազարյանն ավելացրեց, որ կազմակերպության անցկացրած աշխատանքներն աջակցել են հանրապետությունում կուրության դեմ պայքարի ազգային ծրագրի իրագործմանը:

AECP-ի ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը նվիրված է հոկտեմբերի 14-ին նշվող Տեսողության համաշխարհային օրվան:-0-