Հայկական պատմական հուշարձանների ցուցանակները լուրջ շտկման կարիք ունեն

13.10.2010, 17:11
Հայկական պատմական հուշարձանների ցուցանակները լուրջ շտկման կարիք ունեն

Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցուցանակների բովանդակությունը լուրջ շտկման կարիք ունի, քանի որ խեղաթյուրում են իրականությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Կենաց տուն» հասարակական կազմակերպության մշակութային կենտրոնի տնօրեն Լալա Մնեյանը։

«Բազմաթիվ ցուցանակներ պատմագրական լուրջ սխալներ, չստուգված տվյալներ են պարունակում, որոնք ներկայացված են որպես հավաստի փաստեր և հակահայկական ուղղվածություն ունեն»,- նշեց Մնեյանը։

Նրա խոսքերով, աղավաղված բովանդակությամբ նմանատիպ ցուցանակները նսեմացնում են Հայաստանի պատմական և մշակութային անցյալը՝ անտեղի քարոզելով այլ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։

«Պետք չէ պատմական բացառիկ գիտելիքներ ունենալ՝ ցուցանակների վրա ակնհայտ սխալները տեսնելու համար»,- նկատեց Մնեյանը։

Որպես օրինակ նա բերեց Հաղպատ վանքի ցուցանակներից մեկի բովանդակությունը, ըստ որի Սայաթ-Նովան դիվանագիտական առաքելություն է իրականացրել վրաց Հերակլ Երկրորդ արքայի արքունիքում, որտես նա մասնավորապես «աջակցել է համաձայնագրերի ստորագրմանը մրցող երեք թագավորությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև», ընդ որում՝ այն ժամանակ Ադրբեջան և Ալբանիա պետություններ առհասարակ գոյություն չեն ունեցել։

Նա հայտնեց նաև, որ նմանատիպ ցուցանակները հետագայում կանխելու նպատակով «Սարդարապատ» շարժման Այլընտրանքային խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովն առաջարկում է այսուհետ ցուցանակների նախնական բովանդակությունը հանձնել մասնագետների, այդ թվում՝ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի  պատմության ամբիոնի, Հայկական Հանրագիտարանի խմբագրության և, անհրաժեշտության դեպքում, Հայ Առաքելական Եկեղեցու դիտարկմանը։ -0-