Երևանում կկառուցեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր շենքը

13.10.2010, 16:19
Երևանում կկառուցեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր շենքը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ առաջիկա 10-15 օրվա ընթացքում կսկսվի ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Նոր կենտրոնի շինարարությունը կիրականացվի Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում, որի մշակումը կավարտվի տարեվերջին»,- չորեքշաբթի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Աղետների ռիսկերի նվազեցման համաշխարհային օրվան նվիրված համաժողովի ժամանակ ասաց նախարարը:

Ըստ նրա, ԱԻՆ հարթակի ստեղծման գործում աջակցություն են ցուցաբերել մի շարք միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ ՄԱԿ-ը:

«Հայաստանը մի երկիր է, որը գտնվում է գրեթե բոլոր տեսակի բնական աղետների ենթակա տարածաշրջանում, այդ պատճառով շատ կարևոր է նման երևույթներից խուսափելու համար  բարձրացնել  պաշտպանության մակարդակը»,- ավելացրեց Երիցյանը:

Հայաստանը տարածաշրջանում առաջին պետությունը կդառնա, որն աղետների ռիսկերի նվազեցման ազգային հարթակը կունենա: Հարթակի ստեղծումը նախատեսված է ազգային անվտանգության ծրագրերում՝ 2009-2010թթ.-ի  «Եվրամիություն-Հայաստան» և Հայաստանի պետական բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Հարթակի հիմնական ակնկալվող արդյունքն է աղետների պատճառով Հայաստանի  մարդկային, սոցիալական, տնտեսական և էկոլոգիական կորուստների կրճատումը:

Հայաստանում ազգային հարթակի մշակմանը մասնակցում են ՄԱԿ-ը, ԱՄՆ միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID), կառավարական կառույցները, ներառյալ Ազգային անվտանգության խորհուրդն ու ՀՀ ԱԻՆ-ը: -0-