ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը հայկական և ղարաբաղյան իշխանությունների թուլակամության հետևանք է. փորձագետ

13.10.2010, 16:03
ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը հայկական և ղարաբաղյան իշխանությունների թուլակամության հետևանք է. փորձագետ

Ղարաբաղում ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելության գործունեությունը, որը նախօրեին ավարտել է իր աշխատանքները, հայկական և ղարաբաղյան իշխանությունների թուլակամության դրսևորման հետևանք է, կարծում է քաղաքագետ և պատմաբան Ալեքսանդր Քանանյանը:

«Հայկական և ղարաբաղյան իշխանությունները պետք է դա՝ դաշտային գնահատման հանձնաժողովի արդեն երկրորդ այցը Ղարաբաղ թույլ չտային: Այն, որ այցն ամեն դեպքում կայացավ,  Երևանի և Ստեփանակերտի թուլակամության մասին է խոսում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց փորձագետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և նրանց ուղեկցող փորձագետները, ովքեր գտնվում են Լեռնային Ղարաբաղում՝ ՄԽ կողմից իրականացվող դաշտային գնահատման առաքելության շրջանակներում, մի շարք բնակավայրեր և գյուղեր են այցելել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լավ են գիտակցում, որ իրենց կողմից Ղարաբաղում ներկայացված ծրագրերն անիրականանալի են»,- ասաց Քանանյանը՝ ավելացնելով, որ դժգոհ է Ղարաբաղում ՄԽ-ի համանախագահների պահվածքից:

«Հայկական և ղարաբաղյան իշխանությունների աջակցությունից թև առած համանախագահները տեղի բնակչության հանդեպ իրենց բավական պրիմիտիվ և զայրացուցիչ հարցեր են  թույլ տվել այն առումով, թե նրանք փախստականներ են, թե Հայաստանից գաղթածներ»,- ասաց նա:

Ըստ Քանանյանի, դաշտային գնահատման առաքելությունը, չնայած Մինսկի խմբի համանախագահների կազմի փոփոխությանը, ըստ էության ոչնչով չի տարբերվում նախկինից՝ նույն ուղին է ընտրվել, նույն հարցերն են տրվել, և Քանանյանի կարծիքով, եզրակացություններն էլ նույնը կլինեն:

«Կարևորն այն է, որ դաշտային գնահատման առաքելության մասնակիցները վերջ ի վերջո հասկացել են, որ ՀՀ կառավարությունը Ղարաբաղում ռազմավարական տեղաբնակեցման ծրագիր չի իրականացրել, իսկ մյուս կողմից Մինսկի խմբի համանախագահները համոզվել են, որ ազատագրված տարածքներում այն մարդիկ են ապրում, ովքեր մինչև վերջ կպայքարեն այդ հողերի համար, և որ հրադադարի շփման գոտին ղարաբաղցի ժողովրդի փոխադարձ փոխզիջումների վերջակետն է»,- ասաց Կանանյանը՝ ավելացնելով, որ պետք չէ լուրջ հետևանքներ սպասել ԵԱՀԿ ՄԽ դաշտային գնահատման առաքելությունից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-