ՀԱԿ-ը դրական է գնահատում հայկական կուսակցության և «Մուսավաթի» համագործակցության հռչակագրի ստորագրումը

12.10.2010, 17:00
ՀԱԿ-ը դրական է գնահատում հայկական կուսակցության և «Մուսավաթի» համագործակցության հռչակագրի ստորագրումը

Հայ ազգային կոնգրեսը դրական է գնահատում ադրբեջանական «Մուսավաթ»  կուսակցության հետ համագործակցության հռչակագրի ստորագրումը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) ընդդիմադիր կուսակցությունը «Մուսավաթ» ադրբեջանական կուսակցության հետ համագործակցության հռչակագիր է ստորագրել: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ազատական կուսակցությունների ղեկավարների միջև փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 8-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում:

Իրենց ստորագրություններն են դրել ՀՀՇ նախագահի Արամ Մանուկյանը, «Մուսավաթի» նախագահ Իսա Ղամբարն ու Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Փաստաթուղթը ստորագրած քաղաքական գործիչները մտադիր են համագործակցություն հաստատել և հետագա քայլեր ձեռնարկել՝ համամարդկային արժեքների հաստատման նպատակով:

«Ամեն կուսակցություն ինքնուրույն գործելու իրավունքի ունի: Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ տարածաշրջանի կողմերի միջև լուրջ հռչակագիր է ստորագրվել, և Ադրբեջանի կողմից համաձայնություն է ստացվել առանց հայկական կողմի զիջումների», - ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ դա լուրջ տեղաշարժ է, միաժամանակ նշեց, որ «Հայաստանի իշխանությունները զիջումների են գնում՝ որևէ արդյունքի չհասնելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի կրճատման տեսանկյունից»:

Ինչպես կարծում է ՀԱԿ-ի ներկայացուցիչը, Ադրբեջանն ակտիվ դիվանագիտական աշխատանք է տանում՝ ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ-ի վրա ճնշում գործադրելու համար և իր համար անհրաժեշտ արդյունք է ստանում, «այն դեպքում, երբ Հայաստանը, ընդհակառակը, թուլացնում է Ղարաբաղի դիրքերը»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-