Երևանի կոնյակի գործարանի արտադրության վաճառքը Ռուսաստանում և Ուկրաինայում 2011թ.-ին կվերադառնա մինչճգնաժամային ցուցանիշներին. տնօրեն

12.10.2010, 14:57
Երևանի կոնյակի գործարանի արտադրության վաճառքը Ռուսաստանում և Ուկրաինայում 2011թ.-ին կվերադառնա մինչճգնաժամային ցուցանիշներին. տնօրեն

Երևանի կոնյակի գործարանի արտադրության վաճառքը Ռուսաստանում 2011թ.-ին կվերադառնա կամ կմոտենա մինչճգնաժամային ցուցանիշներին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿԳ-ի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

«Մինչճգնաժամային շրջանում՝ 2008 թ.-ին, մենք ռուսական շուկայում իրացրել ենք 2,8 միլիոն լիտր կոնյակ: 2011 թ.-ին հուսով ենք վերադառնալ այդ ցուցանիշին», - նշեց Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ 2009-2010 ֆինանսական տարում ԵԿԳ-ն Ռուսաստան է արտահանել 1,7 միլիոն լիտր կոնյակ, իսկ իրացրել է շուրջ 2,4 միլիոր լիտր:

««ԱրԱրԱտը» շատ ուժեղ ապրանքանիշ է Ռուսաստանում, և ճգնաժամը հաղթահարելուց հետո վճառաքը կրկին կավելանա», - նշեց գործադիր տնօրենը:

Գրիգորյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը ԵԿԳ-ի արտադրանքի իրացման ամենախոշոր շուկան է, երկրորդ տեղում է Ուկրաինան, երրորդ տեղում՝ Հայաստանը:

«Ինչ վերաբերում է ուկրաինական շուկային, ապա 2007-2008 ֆինանսական տարում վաճառքը կազմել է 475 հազար լիտր, իսկ ճգնաժամի ժամանակ կրճատվել է մինչև 430 հազար լիտրի: Մենք հուսով ենք, որ 2011 թ.-ին այդ ցուցանիշը կհասցնենք մինչև 450 հազար լիտրի», - ավելացրեց նա:

Նա ընդգծեց նաև, որ Ուկրաինան առաջիկա 3-5 տարվա ընթացքում կդառնա ԵԿԳ-ի առաջնահերթ շուկան:

Երևանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887 թվականին։ Ժամանակակից գործարանային համալիրը գոյություն ունի 1953 թվականից։ 1998 թվականի հունիսին ԵԿԳ-ն ընդգրկվել է Պեռնո Ռիկար  (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի կազմում, որը մի շարք ոգելից խմիչքների հայտնի ապրանքատեսակների  սեփականատեր է և աշխարհում ոգելից խմիչքի արտադրության և վաճառքի ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում։ Պեռնո Ռիկար  ընկերությունը ձեռք է բերել ԵԿԳ-ն միջազգային մրցույթում՝ 30 մլն ԱՄՆ դոլարով։ -0-