Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը կոչ է անում Սբ. Էջմիածնին և ԱԳՆ-ին ավելի ակտիվ լինել ԼՂՀ անկախության ճանաչման հարցում

12.10.2010, 14:30
Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը կոչ է անում Սբ. Էջմիածնին և ԱԳՆ-ին ավելի ակտիվ լինել ԼՂՀ անկախության ճանաչման հարցում

Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը կոչ է անում Սբ. Էջմիածնին և ԱԳՆ-ին ակտիվացնել ԼՂՀ անկախության ճանաչմանն ուղղված ջանքերը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ֆորումի նախագահ և Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը։

Ըստ նրա, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը միաժամանակ մի քանի երկրների կողմից հնարավոր է, բայց սրա համար նախապայման կարող է հանդիսանալ ԼՂՀ-ի ճանաչումը հենց Հայաստանի կողմից։

«Մենք կարող ենք դրական արդյունքներ ակնկալել սկսած Կոսովոյից այն երկրներից, որոնք նույն ճանապարհով են հասել անկախության։ Այդ երկրները կարող են միանալ Հայաստանին և նրա հետ միաժամանակ ճանաչել Արցախի անկախությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա նշեց նաև, որ Եվրոպան, ներառյալ Վատիկանը, չունի հստակ պատկերացում այն մասին, թե քրիստոնեական ո՞ր ճակատն է սատարում Հայաստանը, և, հատկապես, Արցախը։

Գրիգորյանը կարծում է, որ «եթե տարածաշրջանի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա դա կհանգեցնի ոչ միայն տեղային, այլ նաև, ինչը չի բացառվում, համաշխարհային պատերազմի»։

Ըստ նրա, որքան ավելի Հայաստանի սկսի խոսել Ղարաբաղի և նրա անկախության մասին, այնքան ավելի եվրոպական երկրները կսկսեն գիտակցել հարցի արդիականությունը։

«Մենք, անշուշտ, արդեն մեծ առաջընթաց ենք արձանագրել քարոզչության հարցում, բայց անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ԱԳՆ-ն ավելի ակտիվ աշխատի»,- ընդգծեց Գրիգորյանը։

Խոսելով մի շարք եվրոպական երկրներում Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումի գործունեության մասին՝ Գրիգորյանը մասնավորապես հայտնեց, որ կես տարի առաջ ԵՀԱՖ-ն Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխատանքներին զուգահեռ Արցախի անկախության ճանաչման լայնածավալ գործունեություն է սկսել։

«Մեր նպատակն այն է, որ քրիստոնեական արժեքների հիման վրա եվրոպական երկրները պաշտպանեն Ղարաբաղը և նրա անկախությունը, քանի որ այն քրիստոնեական ֆորպոստ է մահմեդական ճակատում»,- ասաց ԱՀԱՖ-ի նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-