«Ես իրավունք ունեմ» թեմայով մանկական ցուցահանդես կանցկացվի Երևանում

08.10.2010, 18:12
«Ես իրավունք ունեմ» թեմայով մանկական ցուցահանդես կանցկացվի Երևանում

«Ես իրավունք ունեմ» թեմայով նկարների մանկական ցուցահանդես տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ը Մոսկվա կինոթատրոնում` Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնի շրջանակներում, ասաց Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի  հայկական բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանը։

Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային վեցերորդ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 12-16-ը Երևանում, իսկ դրանից հետո 40 օր կտևի ՀՀ մարզերում։

 «Ցուցահանդեսին ՀՀ մարզերում բնակվող երեխաների 50-60 աշխատանք կներկայացվի»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մանուկյանը։

Ըստ Հիմնադրամի նախագահի՝ փառատոնին նաև առաջին անգամ համանուն սոցիալական անվանակարգ կներկայացվի։

Մանուկյանն ավելացրեց, որ որոշ առումով փառատոնը բարեգործական կլինի՝ փառատոնի կազմակերպիչները անվճար 9600 տոմս են հատկացրել Հայաստանի դպրոցների, մանկատների այլ մանկական հաստատությունների համար։

Փառատոնի սոցիալական ուղղվածության առումով փառատոնի գեղարվեստական ղեկավար Նելլի Ալելովան նշեց, որ փառատոնի շրջանակներում հաշմանդամ երեխաների համար կիրականացվի «Դու մենակ չես։ Միասին կհաղթենք» սոցիալական ծրագիրը։

Ըստ Ալելովայի՝ ծրագրի շրջանակներում բժշկական գիտությունների դոկտոր, Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունաբանության ռուսական դաշնային գիտաբժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Մասչանը հաշմանդամ երեխաների համար անվճար հետազոտություն կանցկացնի և սկսնակ հայ բժիշկների համար հեմատոլոգիայի թեմայով դասախոսություններ կկարդա։

Փառատոնը կազմակերպվել է Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամի հայկական բաժանմունքի կողմից և կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի (UNICEF) աջակցությամբ։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը միջոցառման տեղեկատվական հովանավորն է։ -0-