Ռուսական ներդրումները բավականին արդյունավետ են. ՀՀ վարչապետ

08.10.2010, 14:24
Ռուսական ներդրումները բավականին արդյունավետ են. ՀՀ վարչապետ
Ռուսական ներդրումները բավականին արդյունավետ են. ՀՀ վարչապետ

Հայաստան կատարած ռուսական ներդրումները բավականին արդյունավետ են գնահատվում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանի տարածքում ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություն է գործում: Սա համեմատաբար շատ չէ, մենք ընդհանուր առմամբ ավելի քան 150 հազար տնտեսվարող սուբյեկտ ունենք: Սակայն էներգետիկայի, ենթակառուցվածքի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական ներդրումները մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար», - ասել է ՀՀ վարչապետը «Պրոֆիլ» ուկրաինական ամսագրին տված հարցազրույցում:

Սարգսյանը նշել է, որ ռուսական խոշորագույն ներդրումային նախագծերից է «ՀայՌուսգազարդ» ՀՁ-ն, որը Վրաստանի միջով Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի:

«Այսօր Հայաստանում գազիֆիկացված է բնակավայրերի 94 տոկոսը, սա շատ բարձր ցուցանիշ է», - ասել է նա:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը:

Վարչապետը նշել է նաև, որ ռուսաստանցիների հետ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի կառավարման հետ կապված բավականին արդյունավետ պայմանագիր է կնքվել:

Նրա խոսքերով՝ հեռահաղորդակցական համակարգերի ոլորտում կատարված ռուսական ներդրումների արդյունքում շահում է հայ սպառողը: «Մենք ունենք բջջային կապի մրցակցող երեք օպերատոր», - ասել է նա:

Հայաստանի բջջային կապի շուկայում  գործում է երեք հեռահաղորդակցական ընկերություն՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline), որը «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, VivaCell-MTS ընկերությունը (Ղ-Տելեկոմ), որը «Մոբիլնիյե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ի «դուստրն է», ինչպես նաև «Orange Armenia» ընկերությունը, որը France Telecom-ի 100 տոկոսանոց «դուստրն է» (ապրանքանիշը՝ Orange):

Սարգսյանն ասել է, որ Հայաստանում ջանքեր են գործադրում բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար, որպեսզի օտարերկրյա ներդրողները երկրում իրենց հարմարավետ զգան:

«Հուսով եմ, որ ուկրաինացի ներդրողները ևս իրենց նման կերպ կզգան Հայաստանում», - եզրափակել է ՀՀ վարչապետը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ընդհանուր ծավալը 2010 թ.-ի հունվար-հունիսին կազմել է 116,9 միլիոն դոլար, որոնցից ուղղակի ներդրումները կազմում են 85,8 միլիոն դոլար, ինչը Հայաստանի իրական հատված կատարած օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35,7 տոկոսն է և ուղղակի ներդրումների 38,95 տոկոսը:

2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ Ռուսաստանից կատարած ներդրումներն ավելացել են 16,7 տոկոսով, ուղղակի ներդրումները՝ 5,1 տոկոսով:-0-