Հայաստանը հաղթանակի է տրամադրված սլովակների հետ խաղում

07.10.2010, 14:50
Հայաստանը հաղթանակի է տրամադրված սլովակների հետ խաղում
Հայաստանը հաղթանակի է տրամադրված սլովակների հետ խաղում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակի է տրամադրված Եվրո-2012-ի ընտրական փուլում սլովակների հետ կայանալիք վաղվա խաղում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց հայկական հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։

Նրա խոսքերով, Սլովակիայի հավաքականը շատ կազմակերպված, կարգապահ թիմ է, որը թիմային բարձր ոգի ունի։ «Սակայն նա ունի նաև թույլ կողմեր, որոնք մենք կփորձենք օգտագործել»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ հայ ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում հաղթանակի են ձգտում։ «Մենք երիտասարդ շատ ֆուտբոլիստներ ունենք, և առաջին հերթին, լավ խաղ ենք ցանկանում ցույց տալ»,- ասաց հայկական հավաքականի մարզիչը։

Նա ընդգծեց նաև, որ վերջին խաղերում նկատելի է եղել Հայաստանի հավաքականի ոճի փոփոխությունը, որն արտահայտվում է կարճ փոխանցումներով դիմային գծում։

Մարզչի կարծիքով, այս ոճն առավել նպատակահարմար է հայ ֆուտբոլիստների համար՝ նկատի առնելով ատլետիկ տվյալներով մարզիկների պակասը։

«Եթե մենք խաղանք, կարճ և միջին փոխանցումներ օգտագործելով կիսապաշտպանության գոտում և դիմային գծում, ապա հակառակորդը, հավանաբար, խնդիրներ կունենա։ Մեզ պետք են արագավազ և արագ մտածող ֆուտբոլիստներ»,- նշեց Մինասյանը։
 
Ընտրական փուլի «B» խմբում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ երկու խաղից հետո հավաքելով մեկ միավոր։ Հայ ֆուտբոլիստները սեփական դաշտում պարտություն են կրել իռլանդացիների նկատմամբ և ոչ-ոքի են խաղացել Մակեդոնիայի հավաքականի հետ՝ հաղթանակը զիջելով վերջին վայրկյաններին։

Սլովակները երկու հաղթանակով երկրորդ տեղում են։ Խմբի առաջատարը՝ Իռլանդիայի հավաքականը, ինչպես և սլովակները, հավաքել է, վեց միավոր, սակայն առաջին տեղն է զբաղեցնում դարպաս ուղարկված և բացթողնված գնդակների ավելի լավ տարբերության համար։

Երրորդ տեղում է երկու խաղերում երեք միավոր հավաքած Ռուսաստանի հավաքականը։ Հինգերորդ հորիզոնականում են մակեդոնացիները (մեկ միավոր երկու խաղերում)։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է երկու խաղն էլ տանուլ տված Անդորրայի թիմը։ -0-