Ադրբեջանում գերության մեջ գտնվողի նկատմամբ վերաբերմունքը ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. ՀՀ ԱԳ նախարար

06.10.2010, 19:21
Ադրբեջանում գերության մեջ գտնվողի նկատմամբ վերաբերմունքը ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. ՀՀ ԱԳ նախարար
Ադրբեջանում գերության մեջ գտնվողի նկատմամբ վերաբերմունքը ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ահաբեկիչների գործելաոճ է համարում Ադրբեջանում հայ գերի Մանվել Սարիբեկյանի նկատմամբ վերաբերմունքը։ 

Ինչպես նախօրեին հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, Ադրբեջանում սեպտեմբերի 11-ից գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանն իբր ինքնասպանություն է գործել:

«Երիտասարդ հովվի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե իր էությամբ, թե ցինիզմի այն աստիճանով, ինչպես  դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել  տեսախցիկի առջեւ, ապա սպանել»,- չորեքշաբթի կառավարական ժամի ընթացքում ասաց Նալբանդյանը։

Նախարարի խոսքերով, քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: 

 «Հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել և հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է:»,- ասաց Նալբանդյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել, որում ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ քաղաքացու ողբերգական մահվան մեղավոր է համարում Ադրբեջանին։

Հայկական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական քարոզչամեքենան Ինտերնետում մի տեսանյութ է տարածել, որում հայ երիտասարդն ասում էր, թե, իբր, իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար։ Սակայն այդ կադրերում հստակ երևում էր, որ երիտասարդը ենթարկված էր կտտանքների։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից նշում են նաև, որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնում՝ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին:

Ինչպես կարծում են Հայաստանի պաշտպանության նախարարությունում, «հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին»: -0-