Հայկական և ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնները համագործակցության պայմանագիր են ստորագրել

04.10.2010, 16:54
Հայկական և ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնները համագործակցության պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և «Gustave Roussy» ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտը երկուշաբթի համագործակցության պայմանագիր են ստորագրել «Ուռուցքաբանության արդի խնդիրները» հայ-ֆրանսիական խորհրդաժողովի ընթացքում։

ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով, հայ-ֆրանսիական համագործակցությունն այս ոլորտում շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կօգնի կատարելագործել բուժման մեթոդները Հայաստանում, որտեղ ուռուցքաբանակն հիվանդությունների հետևանքով մահացությունը բավականին բարձր տոկոս է կազմում։

«Հայաստանում մահացության 85 տոկոսի պատճառն ուռուցքաբանական և սրտանոթային հիվանդություններն են, ինչը խոսում է այդ ոլորտում գիտելիքների մշտական կատարելագործման անհրաժեշտության մասին»,- ասաց Բաբլոյանը։

Նա նշեց, որ «Gustave Roussy» ինստիտուտը բավականին բարձր արդյունքների է հասել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գործում։

«Մենք հույս ունենք, որ հայկական կենտրոնի և ֆրանսիական ինստիտուտի միջև համագործակցությունը թույլ կտա Հայաստանին առաջիկայում հասնել այն մակարդակի, որի վրա է այսօր Ֆրանսիան»,- ասաց Բաբլոյանը։

«Ուռուցքաբանության արդի խնդիրները» հայ-ֆրանսիական խորհրդաժողովն  անցկացվում է Երևանում հոկտեմբերի 4-6-ը։ Միջոցառման նպատակն ուռուցքաբանության ոլորտի արդի խնդիրները քննարկելն է, ինչպես նաև համագործակցության ուղիների նախանշումը։ Խորհրդաժողովն անցկացվում է Հայաստանի առողջապահության նախարարության աջակցությամբ։ -0-