Հայաստանի վարչապետը մասնակցել է քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումներին

04.10.2010, 12:58
Հայաստանի վարչապետը մասնակցել է քանդակագործ և մանրանկարիչ Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին մասնակցել է միջնադարյան հայտնի ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ, խաչքարի վարպետ Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումներին։

Մոմիկը (13-14 դդ.) հայ ականավոր ճարտարապետ, նկարիչ, քարագործ վարպետ է։ Սովորել է Գլաձորում, պալատական ճարտարապետ, քանդակագործ և մանրանկարիչ է եղել՝ Սյունիքի տիրակալ իշխան Օրբելյանների մոտ։

Տոնական միջոցառումները սկսվել են միջնադարյան Նորավանքի վանական համալիրում, որտեղ բացվել է Մոմիկի թանգարանը և անցել է նրա 750-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստը։

Ինչպես նիստի ժամանակ հայտնեց հանձնաժողովի քարտուղար Արամ Կարապետյանը, միջոցառումների շրջանակներում բացի թանգարանի բացումից, հոբելյանական բրոշյուր է հրատարակվել հայերեն և անգլերեն լեզուներով, մեծ միջնադարի գործչի ստեղծագործությունների պատկերով խճանկարային խաղ է թողարկվել, Երևանի կենտրոնական հրապարակում ճարտարապետի հոբելյանի մասին պատմող մեծ տեղեկատվական վահանակներ են տեղադրվել։

Բացի այդ, դպրոցականների համար էքսկուրսիաներ են կազմակերպվել դեպի «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարան և Նորավանք վանական համալիր, որտեղ աշխատել է Մոմիկը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում նրա անունով կրթաթոշակ է հաստատվել, տեղի է ունեցել երիտասարդ նկարիչների և քանդակագործների մրցույթ՝ «Միջնադարյան գլաձորյան մանրանկարչությունը և Մոմիկի քանդակագործությունը իմ պատկերացմամբ» թեմայով, ինչպես նաև տեղի է ունեցել «Ինչ գիտեմ Մոմիկի մասին» դպրոցական շարադրությունների մրցույթ։

Հոկտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա գիտաժողով, որը նվիրված է միջնադարի  մեծ գործչին։ Նաև հուշադրամ, փոստային նամականիշ, բացիկ կթողարկվի։

Ըստ կառավարության ղեկավարի՝ կարելի է արձանագրել, որ Մոմիկի հոբելյանին նվիրված  բոլոր ծրագրված միջոցառումներն իրագործվել են կամ իրականացման փուլում են գտնվում։

Միջոցառումների շրջանակներում Վայոց Ձորի մարզում ՀՀ վարչապետն այցելել է Եղեգնաձորի վերանորոգված պատկերասրահ, երկրագիտական թանգարան, որտեղ պահվում են Մոմիկի ստեղծած խաչքարերը, «Գլաձորի համալսարան» արգելոց- թանգարան, որտեղ ունկնդրել է պատանի երաժիշտների համերգը, ինչպես նաև մասնակցել  է Եղեգնաձորում անցկացված տոնական միջոցառումներին՝ նվիրված  բերքի տոնին և մեծ ճարտարապետի հոբելյանին։

Միջոցառումներն անցել են հորդառատ անձրևի տակ, ինչը պետության ղեկավարը խորհրդանշական է անվանել։

«Այս անձրևը շարունակականուն է խորհրդանշում։ Սա պտղատու անձրև է, որը խորհրդանշում է այն, որ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք հավերժական արժեքներին, այն ինչ մեզ ժառագել է Մոմիկը։ Մենք մեծ հպարտությամբ ենք նշում նրա 750-ամյակը և հպարտանում ենք, որ մենք նման ճարտարապետ ենք ունեցել»,- ասաց պետության ղեկավարը։

Նա համաձայնել է, որ տոնական միջոցառումները պետք է շարունակել նաև 2011թ.-ին։ «Հուսով ենք, որ գյուղատնտեսությունը 2011թ.-ին մեզ կուրախացնի, և այս անձրևը դրանում իր դերը կունենա»,- ասաց կառավարության ղեկավարը։

Բերքի տոնի ժամանակ վարչապետը շփվել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել է գյուղատնտեսական արտադրանքի հետ, որը ներկայացվել է շրջանի բոլոր գյուղերից, ճաշակել է Վայոց Ձորի բերքը։ -0-