Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը FICTS-ի գլխավոր մրցանակը կստանա

01.10.2010, 14:44
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը FICTS-ի գլխավոր մրցանակը կստանա
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը FICTS-ի գլխավոր մրցանակը կստանա

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն արժանացել է Կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության «Ficts Plate D’honneur 2010» գլխավոր մրցանակին, ուրբաթ լրագրողներին ասաց փառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

Մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 29-ին իտալական Միլան քաղաքում՝ FICTS միլանյան միջազգային 28-րդ փառատոնի շրջանակներում, որը նվիրված է կինոյին, հեռուստատեսությանն ու սպորտին՝ մի շարք միջազգային հեռուստաալիքների և թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ։
 
«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնը տարածաշրջանի ամենահեղինակավորներից մեկն է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնը տեղի է ունեցել հուլիսի 11-18-ը Երևանում, որտեղ աշխարհի 62 երկրներից ավելի քան 100 ֆիլմ է ներկայացվել։

«Այս մրցանակը մեծագույն պատիվ է մեզ համար։ Դրան արժանացել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, դերասան Ռոբերտ Ռեդֆորդը, ֆուտբոլիստ Պելեն և բոլոր այն անձիք, ովքեր մշակույթի և սպորտի տարածման միջոցով ողջ աշխարհում բարձրացնում են իրենց երկրի հեղինակությունը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Խաչատրյանը։

Այդ կապակցությամբ «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչների համար FICTS մրցանակը լիովին անակնկալ էր։

Ըստ Ստամբոլցյանի՝ FICTS մրցանակին արժանացած անձինք և կազմակերպությունները չեն առաջադրվում դրան, իսկ ընտրությունն իրականացվում է մրցանակի կազմակերպիչների սեփական հայեցողությամբ։

Իտալական քաղաք Միլանում ամեն տարի «Ficts Plate D’honneur» մրցանակը շնորհվում է կինոյի, հեռուստատեսության և սպորտի ոլորտում մեծագույն նվաճումների համար։ FICTS-ի նախագահն է պրոֆեսոր Ֆրանկո Ասկանին։ -0-